Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հանդես է եկել Եվրամիության միասնական բանակի ստեղծման օգտին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտարարել է Կենտրոնական չեխական երկրամասի վարչակազմի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, դրա կազմավորման անհրաժեշտությունն ապացուցեցին միգրացիոն ճգնաժամի ընթացքում արտաքին սահմանների պաշտպանությունը կազմակերպելու հետ կապված լուրջ խնդիրները: «Ես եվրոպական բանակի ստեղծման կողմնակից եմ: Միգրանտների ալիքը չեն կարող կանգնեցնել 28 բանակները, այլ մեկ միասնական բանակը՝ միասնական համակարգմամբ»,- ընդգծել է Միլոշ Զեմանը:

Չեխիայի նախագահը նաեւ նշել է, որ ԵՄ ղեկավարությունում բացակայում են ուժեղ անհատները: Եվրամիության գործող առաջնորդները, նրա համոզմամբ, ունակ չեն արդյունավետորեն լուծել միգրացիոն ճգնաժամը:

Ըստ նրա, Եվրամիությունը պետք է ղեկավարեն Շառլ դը Գոլի, Մարգարեթ Թետչերի, Ֆրանսուա Միտերանի կամ Թոնի Բլերի նման քաղաքական գործիչներ: