Նավթի համաշխարհային գներն այսօր՝ ապրիլի 19-ին, նվազել են ներդրողների հոռետեսության ֆոնին, որը կապված է շուկայում պահպանվող առաջարկի ավելցուկի եւ Դոհայում նավթ արդյունահանող երկրների ներկայացուցիչների անհաջող հանդիպման հետ: Սակայն նավթը դեռ վաճառվում է 40 դոլարից բարձր գնով՝ մեկ բարելի դիմաց, Քուվեյթում գործադուլի պատճառով նավթի արդյունահանման կրճատման ֆոնին:

Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,35 տոկոսով՝ հասնելով 42,76 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,19 տոկոսով՝ հասնելով 41,13 դոլարի:

Նշենք, որ Եվրոպայի բորսայական ցուցիչները երկուշաբթի նվազում են արձանագրել 1 տոկոսի սահմանում` Դոհայում նավթի արդյունահանման սառեցման բանակցությունների ձախողման ֆոնին, վկայում են առք ու վաճառքի տվյալները: 

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի կտրուկ նվազել են այն բանից հետո, երբ արդյունահանող երկրները կիրակի Դոհայի հանդիպման արդյունքում չկարողացան պայմանավորվել արդյունահանման սառեցման վերաբերյալ: 

ՕՊԵԿ-ի մի շարք երկրներ, նախ եւ առաջ Սաուդյան Արաբիան, Դոհայի հանդիպմանն անսպասելիորեն սկսեցին պնդել, որ արդյունահանման սառեցման համաձայնագրին երկրների ավելի լայն շրջանակ մասնակցի, մասնավորապես` ՕՊԵԿ-ի բոլոր երկրները: 

Բանակցություններին Սաուդյան Արաբիան կոշտ դիրքորոշում որդեգրեց եւ հրաժարվեց աջակցել որեւէ համաձայնագրի, առանց Իրանի մասնակցության: Իրանն իր հերթին հայտնեց նավթի արդյունահանումը սառեցումը քննարկելու պատրաստակամության մասին միայն նախապատժամիջոցային մակարդակ դուրս գալուց` օրական  4 մլն բարելի մակարդակի հասնելուց հետո եւ ներկա չէր Դոհայի հանդիպմանը: 

Նավթի գների անկումը համաշխարհային ֆոնդային բորսաների բացասական դինամիկա է առաջ բերել:  

Հաջորդ անգամ նավթի արդյունահանման սառեցման հարցը ՕՊԵԿ-ի երկրները կքննարկեն հունիսին, Վիեննայում: 

Ներկայումս շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում Քուվեյթում ապրիլի 17-ից տեղի ունեցող նավթագործների գործադուլն է, որը հանգեցրել է նավթի արտադրության ծավալների կրճատման՝ օրական 2,8 մլն բարելից (մարտին) հասնելով 1,1 մլն բարելի: Գործադուլի պատճառն այն է, որ նավթային ոլորտի աշխատակիցներին դուրս են թողել պետական ծառայողների աշխատավարձի վերաբերյալ նոր օրինագծից: