ԱՄՆ Հանրապետական կուսակցության փրայմերիզի առաջատար Դոնալդ Թրամփը շփոթել է 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի ահաբեկչությունների ամսաթիվը, գրում է Huffington Post-ը։
«Ես հուլիսի 11-ին Համաշխարհային առեւտրի կենտրոնի մոտ՝ ներքեւում, հետեւում էի մեր ոստիկաններին ու հրշեջներին, երբ փլուզվեց շենքը»,- ասել է Թրամփը Նյու Յորքի նահանգի Բուֆալո քաղաք կատարած այցի ժամանակ։
Հիշեցնենք, որ 2001թ. սեպտեմբերի 11-ին «Ալ Կաիդայի» մահապարտ ահաբեկիչները 4 ուղեւորատար օդանավ էին առեւանգել, որոնցից երկուսով մխրճվել էին Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի շենքի մեջ, իսկ մյուս երկուսն ուղղել էին Պենտագոն եւ ենթադրաբար Սպիտակ տան կամ Կապիտոլիումի բլուրի ուղղությամբ։ Բոլոր օդանավերը, վերջինից բացի, խոցել էին իրենց թիրախները։ Իսկ վերջինը կործանվել էր Փենսիլվանիայի նահանգում։ Ահաբեկչություններից զոհվել է 2974 մարդ, 24-ն անհետ կորած են համարվում։





























