ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ հայոց բանակի սպառազինությանը թերահավատ վերաբերողներին ուղղորդում են շահագրգիռ ուժեր, որոնք փորձում են խժդժություններ մտցնել չորսօրյա պատերազմից հետո միախմբված հասարակության մեջ:
«Ցավում եմ, որ հասարակության մեջ նման խժդժություններ են մտցնում, չեմ ցանկանում գնահատականներ տալ: Սա ցույց է տալիս, որ մենք չենք կարողանում 3-4 օրից ավելի միասնական լինել: Սա իրենք չեն, այլ ինչ-որ շահագրգռված ուժեր, որոնք կարողանում են խլրտումներ մտցնել: Եթե մենք չունենք այս ամեն ինչը, ինչը՞ զսպեց բռնապետ Ալիեւին ու հրոսակներին, որ հետ կանգնեն ու Աղդամով չհասնեն Ստեփանակերտ: Իհարկե, նաեւ մեր որգին եւ միասնականությունը, սակայն այս ամենը չէինք կարող անել քարերով: Մենք ունենք ամեն ինչ, սակայն պետք է հասկանալ նաեւ քաղաքականությունը, որովհետեւ ամեն մի ավելորդ բառ, գլուխ գովելու խոսք կարող է լուրջ վտանգ դառնալ բանակցությունների ընթացքի համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով հասարակության բարձրացրած խնդիրներին, թե սպառազինության խնդիր ունենք, օրինակ առ այսօր ժամանակակից սենսորների փոխարեն «կոնսերվայի բանկաներ» են շարված սահմանին` ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց. «Մեզ պետք չի սա ցույց տալ, մենք պետք է գործով ապացուցենք: Դրսի ուժերին չի հաջողվելու խլրտումներ մտցնել: Մենք հաղթանակած բանակ ենք եւ հաղթանակում ենք մեր զենքով ու զինամթերքով»:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով` այսօր պետք է հասկանալ հետեւյալը. հայ հասարակությունն ու իշխանություններն իրենց հույսը պետք է դնեն միայն իրենց վրա եւ փրկիչներ չփնտրեն, իսկ դիվանագիտական հարաբերությունները ճիշտ պահպանելով` միշտ պատրաստ լինի թշնամուն հակահարված տալու:
Նշենք, որ չորսօրյա պատերազմից հետո հասարակությունը պահանջում է ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: Վահրամ Բաղդասարյանը, սակայն, համոզված է, որ ԱԳ նախարարի վարած քաղաքականությունը չի շեղվել իրենց իսկ որդեգրած քաղաքական գծից. «Նալբանդյանի վարած քաղաքականությունը բավականին ճկուն է, եւ արտաքին դիվանագիտական ոլորտում մենք պարտություն չունենք»:





























