ԱՄՆ-ն ուժեղացնում է կիբերհարձակումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա, գրում է The Daily Beast-ը: 
Հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ոչ այդքան վաղուց հաստատել է ԻՊ դեմ կիբերգործողության անցկացումը: Սակայն ամերիկյան կիբերհարձակումների գործողությունը շատ ավելի լուրջ է, քան Սպիտակ տան ղեկավարն է նկարագրել իր զեկույցում:
Ամերիկյան պաշտոնյաները պարբերեկանին հայտնել են, որ կիբերգործողությունները ավելի ակտիվ փուլ են մտնում, որի թիրախն են առանձին անձինք ու հետախուզական տվյալներ հավաքելը, որոնք կարող են նպաստել մեծ քանակությամբ ահաբեկիչներ բռնելուն ու ոչնչացնելուն: Բացի դրանից, նրանց նպատակն է արգելափակել խմբավորման անդամների կողմից գաղտնի կապի գործածումը, որպեսզի նրանք ստիպված լինեն օգտվել նվազ անվտանգ կապի ձեւերից, եւ նրանց հետեւելն ավելի հեշտանա: 
Պաշտոնյաները նաեւ հայտնել են, որ ԻՊ դեմ  դիրքորոշման խստացումը պայմանավորված է Փարիզում անցած տարվա նոյեմբերին կատարված ահաբեկչություններով: Այն ժամանակ աշխատակազմը զինվորականներին հանձնարարել էր ինտերնետում ահաբեկիչների դեմ պայքարի նոր միջոցներ մշակել: Երկու ամիս անց հաստատվել է կիբերհարձակման նոր ռազմավարությունը, որը ԱՄՆ-ին օգնում է խոչընդոտել Սիրիայում ԻՊ-ի օնլայն հաղորդակցությանը: