ԻՊ ահաբեկչական խմբավորումը ահաբեկչություններ է ծրագրում Եվրոպայի լողափերին: Ապրիլի 19-ին Bild տաբլոիդը հայտնել է, որ այս մասին համապատասխան տեղեկությունը Գերմանիայի հատուկ ծառայությունները ստացել են Աֆրիկայից իրենց իտալացի գործընկերների միջոցով:
Իտալիայի հատուկ ծառայությունների ներքին տվյալներով, ահաբեկիչները մտադիր են ծպտված ներկայանալ որպես հուշանվերներ ու ըմպելիքներ վաճառողներ: Իրականում նրանք զինված են լինելու ու մտադիր են պայթյուններ իրականացնել լողափերին: Որպես հնարավոր ահաբեկչությունների վայրեր նշում են Իտալիայի, Իսպանիայի ու Ֆրանսիայի հարավի լողափերը:
«Փաստաթղթում հիշատակված արմատականները ենթադրաբար ծնունդով Սենեգալից են ու իրենց համարում են Նիգերիայի «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության մասնակիցներ: Մեկ տարի առաջ այդ կազմակերպությունը միացել է ԻՊ-ին»,- գրում է թերթը:
ԻՊ-ն այսօրվա դրությամբ համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքներից մեկն է: Երեք տարվա ընթացքում ահաբեկիչներին հաջողվել է գրավել Իրաքի ու Սիրիայի զգալի տարածքներ: Բացի դրանից ԻՊ-ն փորձում է իր ազդեցությունը տարածել Հյուսիսային Աֆրիկայի երկրների՝ մասնավորապես Լիբիայի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























