Վերջին օրերին ցուցարար գառնեցիները կրկին սկսել են անծանոթ համարներից զանգել եւ սպառնալիքներ ստանալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գառնիի բնակիչ Արուսյակ Այվազյանը։
«Նախ զանգել էին մեր ցուցարարներից Արմենին, ասել էին՝ իբր Երեւանից են զանգում, ուզում են գնա իր տաքսիով Երեւանից մարդ բերի Գառնի։ Կասկածել էր, որ Երեւանից զանգում Գառնիում են տաքսի պատվիրում։ Եկավ ինձ ասաց, ասի զանգենք, տեսնենք իմ ընկերների մեջ կա այդ համարը, թե չէ։ Զանգեցի, հարցրի՝ ով է, չպատասխանեց։ Ասաց՝ Դո՞ւք ով եք։ Ես ներկայացա, նա էլ խառնվեց իրար, ասաց՝ այս համարը Ձեզ մոտ չպետք է լիներ, ես Ձեզ չեմ զանգել․․․ Հետո որ իմացավ գառնեցի եմ, ասաց՝ տղուդ ասա թող պատրաստվի, գալիս ենք տանենք Ղարաբաղ՝ կռիվ»,- ասաց Արուսյակ Այվազյանը։
Նրա խոսքով՝ պարբերաբար կասկածելի զանգեր են ստանում նաեւ Գառնիի մյուս բնակիչները, որոնք բողոքի ցույցեր են կազմակերպում՝ պահանջելով դադարեցնել Կառավարության կողմից իրականացվող «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ ծրագիրը»։
«Վերջին ցույցի օրը գառնեցիներից մեկը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին ասաց «Ձայնդ կտրի, թե չէ նոկաուտ կանեմ», հիմա էլ սկսել են նրանով հետաքրքրվել, անհայտ մարդիկ գնում-գալիս հարցնում են՝ տղա ունի, թե չէ․․․ »,- նշեց Արուսյակ Այվազյանը։
Նշենք, որ Գառնիի մի քանի հարյուր բնակիչներ ապրիլի 13-ին փակել են Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը եւ պահանջել դադարեցնել Ազատի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները:
Հիշեցնենք, որ գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի մոտից խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր:





























