Կրեմլում արձանագրում են, որ ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լիակատար անվստահություն է ձեւավորվել, որը ջարդելը բարդ կլինի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստան-ՆԱՏՕ նիստի նախօրեին, որը տեղի կունենա Բրյուսելում` ապրիլի  20-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններն անկասկած ապրում են փոխադարձ վստահության, թվում է, թե մոռացված, բայց նորից հայտնված պակաս, եւ հավանաբար փոխադարձ անվստահության հաղթարշավ է», - ընդգծել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը ենթադրում է, թե Ռուսաստան-ՆԱՏՕ երկխոսությունը   «հեշտ չի լինի, որովհետեւ վստահությունը շատ հեշտ է ավերվում, բայց վերականգնվում է անհամեմատ ավելի դանդաղորեն եւ դա անհամեմատ ավելի շատ ջանքեր է պահանջում»:

Նա հիշեցրել է, որ Մոսկվան միշտ ՆԱՏՕ-ի հետ երկխոսության կողմնակից է եղել:   «Այս կապակցությամբ կարելի է միայն գոհունակություն հայտնել, որ նման երկխոսությունը շարունակվելու է», - հավելել է Պեսկովը:

Կրեմլում դարձյալ ստիպված են արձանագրել, որ Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի ավելացումը սպառնալիք է հանդիսանում նրա ազգային անվտանգության համար: 

«Մենք Դաշինքի ոչ բարեկամական գործողություններ ենք արձանագրում մեր սահմանների մոտ ներուժի ավելացման առումով, ենթադրում ենք, որ ՆԱՏՕ-ի գործողությունները սպառնալիք են ներկայացնում մեր ազգային շահերի եւ Ռուսաստանի ազգային անվտանգության համար», - հայտնել է Պեսկովը:

«Ավելին, մենք արձանագրում ենք, որ Դաշինքի վերջին գործողությունները եւս մեկ անգամ հաստատում են, որ վերջինս անկարող էր հարմարվել ժամանակակից պայմաններին եւ պահպանել է իր նախնական նշանակությունը` զսպել Ռուսաստանի Դաշնությանը եւ հակամարտության մեջ լինել Ռուսաստանի Դաշնության հետ», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը (СРН) նախատեսված է ապրիլի  20-ին` Բրյուսելում, դեսպանների մակարդակում: ՆԱՏՕ-ն 2014-ի ապրիլին Ղրիմի` Ռուսաստանին վերամիավորումից հետո սառեցրել է ՌԴ-ի հետ գործնականում որեւէ համագործակցություն: Միաժամանակ որոշում է կայացվել պահպանել  СРН-ի աշխատանքը «քաղաքական երկխոսության ուղիները» բաց պահելու համար:

ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը չի նշանակում, թե կողմերը կվերադառնան նախկին հարաբերություններին, հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:  «Այն փաստը, որ մենք Խորհուրդ ենք հրավիրում, չի նշանակում, թե վերադառնում ենք «սովորական բիզնեսին»: 2014-ին մենք գործնականում դադարեցրինք համագործակցությունը, բայց որոշեցինք շանս պահպանել քաղաքական երկխոսության համար», - ասել է նա: