Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում թույլ չեն տրվել այնպիսի խախտումներ, որոնց հետեւանքով կկորեին ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրված թեկնածու Սասուն Միքայելյանին տրված ձայները: Այս մասին ապրիլի 19-ին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կոսակցության փոխնախագահ Լենա Նազարյանը «Հայաստանի ութ համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությւոնների գնահատական» թեմայով քննարկումների ժամանակ:

Նրա խոսքով իրենց հաջողվել է համակարգել ընտրատեղամասերում 100 հոգանոց թիմի աշխատանքը: «Եվ հպարտությամբ կարող եմ ասել, որ Սասուն Միքայելյանին տրված ոչ մի ձայն չի կորել: Մենք կարողացանք պահել բոլոր ստացված ձայները: Եթե խոսենք ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողության մասին, մենք լավագույն ձեւով կատարեցինք մեր առջեւ դրված խնդիրը ու պաշտպանեցինք Հրազդանի բնակիչների ձայները»,- ասել է Նազարյանը:

Անդրադառնալով հանրապետական Արամ Դանիելյանի հաղթանակին, նա շեշտեց «Մեր մրցակիցը գործում էր անազնիվ ու ընտրակաշառք էր բաժանում: Սա անհերքելի փաստ է: Եվ բնականաբար սա ազդել է ընտրությունների արդյունքների վրա»:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի վարչական կենտրոն Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պաշտոնական տվյալներով ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանի օգտին է քվեարկել ընտրողների 50.3 տոկոսը, իսկ ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանի օգտին՝ 42 տոկոսը: