Վանաձորում 2013թ. հոկտեմբերին սպանված 15-ամյա Դավիթ Հովակիմյանի հայրը պահանջում է, որ սպանության իրական մեղավորը պատժվի:

Այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը Դավիթի հայրը՝ Հակոբ Հովակիմյանը, նշեց, որ ինքը դեռեւս նախաքննության ժամանակ էր հասկացել, որ գործով մեղադրյալ Կարեն Կունգուրցեւը, որին ապրիլի 15-ին դատարանն արդարացրեց, որեւէ առնչություն չունի իր որդու սպանության հետ:

«Դատաքննության ժամանակ ավելի համոզվեցի, որ Կարենը կատարվածի հետ ոչ մի կապ չունի: Երբ որդուս սպանեցին, օրեր անց ես Վանաձոր գնացի ու տեղում արդեն անուններ էին շրջանառվում, թե ով է կատարել սպանությունը: Ասում են՝ ԱԱԾ պաշտոնյայի որդի է արել: Հիմա արդեն իրավապահ մարմինները պարտավոր են ճշտել ու իրական մեղավորին պատժել: 2 տարի 7 ամիս չեն արել, հիմա արդեն պիտի անեն»,- ասաց Հակոբ Հովակիմյանը:

Սպանությունից ժամեր անց ձերբակալվել էր նախկինում դատապարտված Կարեն Կունգուրցեւը: 2 տարի 7 ամիս կալանքի տակ մնալուց հետո Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրեց Կարենին:

«Ինձ հոկտեմբերի 13-ին եկել, տարել են իմ աշխատանքի վայրից: 5-6 ոստիկաններ տարան բաժին ու էնտեղ արդեն Անուբախ Համբարյանը ու մյուս ոստիկանները ստիպում էին թղթեր ստորագրել: Ես, սակայն, մինչեւ վերջ չեմ ստորագրել»,- ասաց Կարեն Կունգուրցեւը:

Կարենի խոսքով՝ այսքան ժամանակ կալանավայրում անցկացնելուց հետո ինքը հույսը չէր կորցրել, որ կարդարացվի, քանի որ իրեն հավատում էր նաեւ սպանված պատանու հայրը:

«Հիմա արդեն իրավապահ մարմինները պետք է քննություն անցկացնեն, պարզեն, թե ով է սպանությունը կատարած անձը: Իսկ մենք մտադիր ենք փոխհատուցում պահանջել Կարենի՝ կալանավայրում անցկացնելու համար»,- ասաց Կարենի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Նշենք, որ դատախազը պահանջել էր 9 տարի 6 ամսվա ազատազրկում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների` օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է:

Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: