Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ստրասբուրգ մեկնելուց առաջ օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ լրագրողները Թուրքիայի վարչապետից հետաքրքրվել են, թե նա ինչպես է մեկնաբանում Թուրքիա-Սիրիա սահմանը փակելու վերաբերյալ Օբամա-Պուտին հեռախոսազրույցը։
Դավութօղլուն նշել է, թե կարիք չկա գնահատելու կամ իմաստ տալու երկու առաջնորդների հեռախոսազրույցը Թուրքիայի սահմանների վերաբերյալ։ «Թուրքիայի սահմանները վերաբերում են միայն Թուրքիային։ Սահմանների հետ կապված վերջնական որոշումը Թուրքիայինն է։ Աշխարհում ոչ մեկ իրավունք չունի Թուրքիայից հաշիվ պահանջելու»,-ասել է Դավութօղլուն։
Նշենք, որ Օբամա-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Թուրքիա-Սիրիա սահմանը փակելու հեռանկարը։





























