Ապրիլի 15-18-ը Սիրիայի ծովափնյա շրջանների հայությանը հյուպատոսական ծառայություններ մատուցելու նպատակով Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանն աշխատանքային այցով մեկնեց Լաթաքիա եւ Քեսաբ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում գլխավոր հյուպատոսը հանդիպել է տեղի ազգային իշխանությունների ներկայացուցիչներին, որոնց հետ հանգամանորեն քննարկել է համայնքին հուզող խնդիրների լայն շրջանակ:

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները Լաթաքիայի Հայոց Ազգային Առաջնորդարանում եւ Քեսաբի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի հայության համար անցկացրել են հյուպատոսական ընդունելություն, որի ընթացքում հանձնվել են ՀՀ քաղաքացու՝ մի քանի տասնյակից ավելի անձնագրեր, ինչպես նաեւ ընդունվել են 120-ից ավելի քաղաքացիության նոր դիմումներ:

Ապրիլի 18-ին Տիգրան Գեւորգյանը Քեսաբի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Սահակյան» սրահում քեսաբահայության հոծ բազմության ներկայությամբ Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանին է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված «Մխիթար Գոշ» շքանշանը:

Շնորհավորելով քաղաքապետին՝ հյուպատոս Գեւորգյանը շեշտել է, որ սիրիահայության խնդիրները մշտապես մնում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Քեսաբի քաղաքապետը, շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահի կողմից նման բարձր պարգեւի արժանանալու համար, նշել է, որ այդ շքանշանը ոչ միայն իրենն է, այլ ողջ քեսաբահայությանը: