Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու դեմ և կալանքը գրավով փոխարինելու վերաքննիչ բողոքները մերժվել են: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին,  դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Պաշտպանը պատմեց, որ դատարան բերված Գեւորգ Սաֆարյանը հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

«Գեւորգը հայտարարեց, որ սա հետապնդում է իր նկատմամբ իր քաղաքական հայացքների պատճառով, որ վերջին 3 տարիներին ոստիկանության եւ իշխանական մարմինները հետապնդում են իրականացրել իր նկատմամբ, անգամ մահափորձ է եղել, բազմաթիվ բռնություններ են եղել, որ չեն բացահայտվել։ Դրանից հետո նախագահող դատավորը այսպիսի հարցեր էր ուղղում՝ «Միթե դուք այնպիսի քաղաքական ուժ եք, որ պետք է պետությունը Ձեզ հետապնդի, որ ձեր նկատմամբ պետք է հալածանքներ լինեն»։ Այս հարցերով դատարանն ընդունեց այն հանգամանքը, որ ՀՀ-ում հնարավոր են քաղաքական հետապնդումներ, եթե մարդն իրենից քաղաքական ուժ կամ հեղինակություն է ներկայացնում»,- նշեց Տիգրան Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ գործի նախաքննությունը կավարտվի ապրիլի 20-ին, սակայն արդեն այսօր հայտնի էր դատախազի եւ քննչական մարմնի մոտեցումը։

«Նրանք նշեցին, որ ըստ իրենց՝ Գեւորգը շատ խիստ արարք է կատարել եւ իրենք պայքարելու են, որ դրա համար խիստ պատիժ լինի»,- ասաց Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը մարտի 25-ին երկարացվել էր 45 օրով: Գեւորգ Սաֆարյանի փաստաբանը դատարանի  այս որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: