«Հայկական միրգ» ընկերությունը, որը ստեղծվել է IFAD վարկային ծրագրով, չի իրականացնում այգեգործության զարգացման խնդիրները: Այդ մասին ասված է Հայաստանի Վերահսկիչ պալատի 2015-ի հաշվետվության մեջ, որը քննարկվել է խորհրդարանի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստին: Ընկերությունը ստեղծվել է որպես պետական, մասնավոր ներդրողների կողմից հետագա փուլային մասնավորեցմամբ (նրանցից առայժմ ոչ ոք ծրագրով հետաքրքրված չէ) «Գյուղի համար վարկային հնարավորությունների ստեղծում» («Աջակցություն մրգերի եւ ընդեղենի արտադրությանը» ծրագրի բաղադրիչը) վարկային ծրագրի շրջանակում: Բաղադրիչի ընդհանուր արժեքը 13,5 մլն դոլար է, որից 10,8 մլն դոլարը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) վարկն է:
2014-ի զեկույցում IFAD-ը ծրագրի իրականացումն անբավարար է կոչել: Որոշվել է դադարեցնել նոր այգիների ստեղծումը, 80 հա տարածքում ստեղծվածների համար նախատեսված է 1,5 մլն դոլար հատկացնել: Դրա մեծ մասը նախատեսված էր ծախսել 2015-ին:
Բայց այստեղ էլ թերակատարում է գրանցվել: «Հայկական միրգ» ընկերությունը իրացրել է 330,6 հազար դոլարը կամ էլ պլանի ընդամենը 30 տոկոսը: Մասնավորապես, չեն իրականացվել 50 հեկտար մակերեսով այգիներում կաթիլային ոռոգման տեղադրման աշխատանքները: Ոռոգման ջրի առկայության պարագայում ծառերի չորացում է արձանագրվել (բալի եւ սալորի):





























