Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավը ապրիլի 30-ին կդառնա 70 տարեկան, եւ նա չի պատրաստվում թոշակի գնալ։ Այս մասին նա նախօրեին ասել է ТТ շվեդական գործակալությանը։
«Աշխատում ես, քանի դեռ էներգիա եւ առողջություն ունես»,- ասել է թագավորը ТТ-ին։ Միապետի խոսքով՝ ինքն իրեն ծեր չի զգում։
«Մենք՝ Բենրադոտներս, ասում ենք, որ մենք հոգով երիտասարդ ենք մնում։ Այդ պատճառով երբեք իսկապես չենք ծերանում»,- պարզաբանել է Նորին գերազանցությունը՝ նշելով, որ ինքը հավատում է Շվեդիայի միապետության ապագային։
«Դա նշանակում է մշակութային կայունություն, որը ազգին տանում է դեպի առաջ»,- պարզաբանել է նա։
Միապետը պատմել է, որ հաճախ է հանդիպում երեխաների հետ, որոնք հարցուփորձ են անում, թե ինչով է զբաղվում թագավորը։
«Ես նրանց սովորաբար ասում եմ, որ ես ներկայացնում եմ Շվեդիան եւ շվեդ ժողովդրին։ Եթե նրանք չեն հասկանում՝ դա ինչ է նշանակում, ապա ես ասում են, որ մեկնում եմ արտասահման, որպեսզի պատմեմ, թե ինչն է Շվեդիայի համար կարեւոր»,- ասել է նա։





























