Նավթի արդյունահանման ծավալների կրճատման շուրջ Դոհայում անցկացված բանակցությունները ձախողվեցին Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի տեղակալի ճնշումների պատճառով: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Financial Times-ը:

Պարբերականի տվյալներով, բանակցություններից առաջ արքայազնը զանգահարել է Էր Ռիադի պատվիրակությանը՝ պահանջելով վերադառնալ Սաուդյան Արաբիա: Պատվիրակությունը չհեռացավ, սակայն բանակցությունները ձախողվեցին:

Ըստ պարբերականի, այս իրավիճակը ցույց տվեց, որ Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ-Նաիմին թագավորական ընտանիքից շատ ավելի պակաս ազդեցություն ունի:

Նավթ արդյունահանող երկրները չկարողացան համաձայնություն ձեռք բերել: Դոհայում հանդիպմանը մասնակցում էին ՕՊԵԿ-ի անդամ պետությունները (բացառությամբ Իրանի), ինչպես նաեւ Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Օմանը եւ Բահրեյնը: