IFAD-ի վարկային ծրագրի շրջանակում ագրոբիզնեսին աջակցության արտասահմանյան գումարները հատկացվել են անվստահելի ընկերությունների: Այդ մասին ասված է Հայաստանի Վերահսկիչ պալատի 2015 թվականի հաշվետվության մեջ, որն ապրիլի 19-ն քննարկվել է խորհրդարանի Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նիստին:
«Ֆերմերների համար շուկայական հնարավորություններ» բաղադրիչը գործում է «Գյուղի համար հնարավորությունների ստեղծում» ծրագրի շրջանակում եւ իրականացվում է 2011-ից ի վեր` Գյուղացիական տնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) վարկային միջոցներով: «Ֆերմերների համար շուկայական հնարավորություններ» բաղադրիչն իրականացնում է «Հայաստանի գյուղատնտեսական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ» պետական կազմակերպությունը:
Ծրագրի բաղադրիչներից մեկն ագրոբիզնեսի ձեռնարկություններին ֆինանսական աջակցություն է ենթադրում (բաժնետիրական կապիտալին ժամանակավոր մաս կազմելու տեսքով կամ փոխառությունների տրամադրմամբ, այդ թվում` անտոկոս):
Մինչեւ 2015 թվականը, ընդամենը 1 մլրդ 436 մլն դրամ է ներդրվել (մոտ 3 մլն դոլար) 10 ընկերության մեջ: Մինչեւ 2015-ը ընկերություններից արդեն վերադարձ էր ակնկալվում: Ձեռնարկությունները պիտի 1 մլրդ դրամ վճարեին շահատոկոսների տեսքով եւ վերադարձնեին փոխառությունները: Գրաֆիկի փոփոխման հետեւանքով հետաձգվել է 252 մլն դրամի վճարումը: Բայց նույնիսկ մնացած 748 մլն-ն ամբողջությամբ չի ստացվել (միայն 409 մլն-ը):
Հիմնադրամը ֆինանսական առողջացման գործողությունների ծրագիր է մշակել եւ մտադիր է դադարեցնել համագործակցությունն անվստահելի եւ ռիսկային պարտապանների հետ (որոնց պարտավորությունները գերազանցում են ակտիվները): 4 անվստահելի ընկերությունից 2-ը պաշտոնապես սնանկ են ճանաչվել, մյուս 2-ը փաստացիորեն այդպիսին են, որովհետեւ արդեն մի քանի տարի է` չեն գործում: Այդ ընկերությունները փոխառությունների եւ ներդրումների տեսքով 585 մլն դրամ են ստացել: Այժմ աշխատանք է տարվում այդ միջոցները բանակցությունների, ունեցվածքի վաճառքի, դատական գործընթացների միջոցով մասամբ հետ ստանալու վերաբերյալ:
Եվս երկու ընկերություն նշված են որպես ռիսկային: Նրանց 420 մլն դրամ էր հատկացվել: Նախատեսված է փուլ առ փուլ դադարեցնել աշխատանքը նրանց հետ, որովհետեւ պատրաստ չեն հիմնադրամի հետ աշխատել կայուն ֆինանսական հաշվառման հիման վրա եւ իրենք չեն վարում դա: Եվս երեք ընկերություն ներառված է պոտենցիալ գործընկերների ցուցակում, որովհետեւ գնահատվել են որպես համեմատաբար վստահելի: Նրանց 105 մլն դրամի անտոկոս փոխառություն է տրամադրվել եւ նրանց հետ աշխատանքը կշարունակվի:




























