ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում «Կովկասի թեժ կետ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում» վերնագրով կազմակերպված քննարկմանը նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված  լայնամասշտաբ ագրեսիային եւ տարածաշրջանին առնչվող խնդիրներին: Այդ մասին հայտնում են ԼՂՀ ԱԳ նախարարությունից։

ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրել է վերջին իրադարձությունների ընթացքը եւ դրա հետեւանքները։ Նա ընդգծել է  բանակցային սեղանի շուրջ որպես հավասար կողմ Արցախի վերադարձի կարեւորությունն ու ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը:

Քննարկմանը ելույթով հանդես է եկել նաեւ տարածաշրջանային փորձագետ Փիթեր Դեբինսը, ով 2005 թ. աշխատել է Ադրբեջանում որպես խորհրդատու պաշտպանության ոլորտում:

Դեբինսը ներկայացրել է իր դիտարկումները կապված Ադրբեջանի էներգետիկ պաշարների, երկրի բարդ տնտեսական իրադրության, ռազմական ոլորտի ծախսերի եւ սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ:

Միջոցառման ավարտին բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին:

Միջոցառմանը, որը կազմակերպել եւ վարում էր Global Research Center կազմակերպության հիմնադիր Վիլեն Խլղաթյանը, մասնակցել են հայ եւ օտարերկրյա դիվանագետներ, ինստիտուտի ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ, ամերիկահայ համայնքի անդամներ: