Հայաստանի վերահսկիչ պալատը պետգնումների դեպքում կրկնակի թանկ գներ է հայտնաբերել: Այդ մասին ասված է Հայաստանի վերահսկիչ պալատի 2015 թվի հաշվետվության եզրակացության մեջ, որն ապրիլի 19-ին քննարկվել է հանրապետության խորհրդարանի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովում:
Այսպես, 2014-ին Առողջապահության նախարարությունը «Դեսմոպրեսսին ացետատ» դեղամիջոցի 4 677 փաթեթ է ձեռք բերել, յուրաքանչյուրը` 5 789 դրամ գնով, այն դեպքում, երբ դեղը Հայաստան էր ներմուծվել ընդամենը 2 720 դրամով (2 եւ ավելի անգամ էժան):
Նույն դեղը 2015-ին գնվել է 5 267 դրամով (5 000 չափաբաժին), մինչդեռ ներմուծվել է 3 000 դրամով (75 տոկոսով ավելի էժան):
Նույն 2015-ին գնվել է «Գլիկլիզիդ» դեղամիջոցի 358,5 հազար փաթեթ: Դեղը Հայաստան է ներմուծվել 27.2 դրամով, գնվել է 44,7-ով (ավելի քան 60 տոկոսով ավելի թանկ):
Այդ կապակցությամբ, ասված է Պալատի հաշվետվության մեջ, «Դեղերի մասին» նոր օրենքի նախագծում անհրաժեշտ է պետական տենդերների համար գների ձեւավորման ավելի հստակ մեխանիզմներ նախատեսել: Նշենք, որ դրույթներն արդեն ներառվել են օրենքի տեքստում, որը խորհրդարանն ընդունել է 1-ին ընթերցմամբ եւ շուտով այն դարձյալ հավանության կարժանանա կառավարությունում (հաշվի առնելով փոփոխությունների մեծ թիվը) եւ կներկայացվի երկրորդ ընթերցման համար:





























