«ԷկոԼուր» հ/կ-ից հայտնում են, որ Խոսրովի անտառի շուրջ կրքերը նորից թեժացել են։ Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստները տեղեկացրել են, որ Խոսրովի անտառի «Գիլան» տեղամասում, որը վարձակալության է տրված «Հովազաձոր» ընկերությանը, կրկին անհասկանալի ակտիվություն է նկատվում, եւ «ինչ-որ պահակներ են հայտնվել»: Բնապահպանական կազմակերպությունները պահանջում են «Գիլան» տեղամասին վերադարձնել արգելոցի կարգավիճակ, որը կառավարության 2007թ. որոշմամբ արգելավայր է դարձել՝ ավելի ցածր աստիճանի պաշտպանվածությամբ:

Երիտասադական կանաչ շարժման ակտիվիստները հայտարարություն էին տարածել նաեւ, որ «Խոսրովի անտառ»-ում եղած ժամանակ նրանք կրակոցներ են լսել: Կրակոցի ձայնը մասնակիցներից մեկի տեսախցիկում ֆիքսված է: Հայտարարության մեջ նաեւ ասված է, որ հայտնաբերվել է 70մմ-անոց կրակված փամփուշտ: Ակտիվիստները դա բարբարոսություն են անվանել եւ պետական մարմիններին կոչ արել` արձագանքել ահազանգին:

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հերքել է արգելոցի տարածքում կրակոցների վերաբերյալ հաղորդագրությունը՝ ենթադրելով, որ ակտիվիստները կրակոցները լսել են հակառակ կողմից` որսահանդակից, որը գտնվում է Գյուլասոր գյուղի մոտակայքում: Իսկապես, ներկայումս  լորի եւ կաքավի որսաշրջանը շարունակվում է:

Սակայն հայտնի բնասեր, գրող Վահրամ Թաթիկյանը, ով  ավելի քան 40 տարի անցկացրել է Խոսրովում, «ԷկոԼուր»-ին հայտնել է, որ Գյուլասորում արված կրակոցների արձագանքը չի հասնում Կաքավաբերդ։

Իսկ ինչ վերաբերվում է Գիլանում տիրող ակտիվությանը, ապա ինչպես հաջողվեց պարզել, իսկապես, «Հովազաձոր» ընկերությունը մտադրվել էր սեփական պահակների կարգել, բայց արգելոցի տնօրինության հետ բանակցություններից հետո հրաժարվել է իր մտադրությունից: Ըստ «ԷկոԼուրի» տեղեկությունների՝ շինարարական աշխատանքների դադարեցման մասին նախարարի հրամանը դեռ ուժի մեջ է, եւ աշխատանքները սառեցված են:

Բնապահպանների համոզմամբ՝ մինչեւ Գիլանին չվերադարձվի արգելոցի կարգավիճակը, ընկերությունը չի հրաժարվի իր ծրագրերից, քանի որ շինարարական աշխատանքների համար  արդեն կատարել են ոչ փոքր ծախսեր: