ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն  աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում  քննարկվել են Լեզվի պետական տեսչության գործունեության վերաբերյալ առկա խնդիրներն ու  Հայերենի բարձրագույն խորհուրդ ձեւավորելու առաջարկությունը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկման մասնակից շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներն արձանագրել են, որ պետական քաղաքականության կարեւոր բաղադրիչներից  է լեզվաքաղաքականությունը եւ Լեզվի պետական տեսչությունը, լինելով այդ խնդրով զբաղվող միակ պետական կառույցը, բավարար լիազորություններ չունի  առկա խնդիրները կանոնակարգելու՝  համապատասխան քաղաքականությունը մշակելու եւ միաժամանակ նաեւ իրագործելու համար:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին  ներկայացվել են մի քանի առաջարկություններ,  մասնավորապես Լեզվի տեսչության կարգավիճակը բարձրացնելու  եւ զուգահեռաբար  նաեւ Հայերենի բարձրագույն խորհուրդ ձեւավորելու վերաբերյալ:

Նախարար Մկրտչյանն իբրեւ մտահոգություն նշել է, որ եթե ձեւավորվող մարմինը լինելու է ընդամենը խորհրդակցական, ապա այն կարող է իրականում գործող կառույց չդառնալ. «Խորհրդակցական մարմինները  ֆունկցիոնալ առումով չեն կարող ազդեցիկ լինել: Խնդիրը շատ հին է եւ տարիների պատմություն ունի: Եթե խորհուրդներն իրավական ակտեր թողարկելու իրավասություն չունեն, ապա նրանց որոշումները պարտադիր կատարման ենթակա չեն: Վստահ եմ, որ հատկապես լեզվաքաղաքականության  ոլորտում շատ կարեւոր է սահմանադիր մարմին ունենալը: Իմ մոտեցումը հետեւյալն է. լեզվի պետական տեսչության կարգավիճակը բարձրացնել՝ տալով գործադիր մարմնի գործառույթներ եւ զուգահեռաբար ստեղծել Հայերենի բարձրագույն  խորհուրդ՝  որպես լեզվաքաղաքականության օրենսդիր մարմին: Այս երկու մարմինները միմյանց փոխլրացնելով կդառնան լեզվի սահմանադիր մարմին»,- նշել է Լեւոն Մկրտչյանը:

Հայերենի բարձրագույն խորհրդի, Լեզվի պետական տեսչության  գործառույթների ընդլայնման, իրավական դաշտի փոփոխությունների  եւ լեզվաքաղաքականության խնդիրների շուրջ ծավալվել է շահագրգիռ մտքերի փոխանակում, ներկայացվել են տարբեր մոտեցումներ՝ մասնավորապես  տերմինաբանական կոմիտեի  գործունեության վերականգնման, սփյուռքի ներուժի օգտագործման, արեւմտահայերենի զարգացման  եւ  դպրոցական  ծրագրերում կամընտրական դասընթացների ներդրման, ինչպես նաեւ այլ հարցերի վերաբերյալ:

Առաջիկայում նախատեսվում  են  քննարկումներ ՀՀ կառավարությունում եւ  մասնագիտական լայն շրջանակներում՝ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ: