ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործով խուլիգանություն կատարելու համար մեղադրվող Հայկ Բ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի փետրվարի 19-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան իր նկատմամբ գործադրել են բռնություն՝ ոստիկաններից մեկը քաշքշել է իրեն, հարվածել, իսկ մյուս ոստիկանը՝ ոտքով հարվածներ է հասցրել` գցելով գետնին:

ՀՔԾ-ից NEWS.am-ինն հայտնում են, որ ոստիկանների ապօրինի գործողություններից շփոթված, ինքը դիմել է փախուստի, սակայն բռնվել է ոստիկանության նույն ծառայողների կողմից եւ տեղափոխվել ոստիկանության բաժին:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: