2016թ. առաջին եռամսյակի ընթացքում արձանագրվել է լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ ճնշումների 20 եւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների 10 դեպք: Այս մասին այսօր` ապրիլի 20-ին, լրագրողների հետ հնդիպմանը հայտնել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը` հավելելով, որ որքան էլ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնություն չի կիրառվել, նրան մի շարք խնդիրների են բախվել:
«Քանական առումով այս տվյալներն ավելի են, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանինը`համապատասխանաբար վեցով եւ երեքով»,-ասաց նա:
Աշոտ Մելիքյանի խոսքով` 20 ճնշումներից 11-ը լրատվամիջոցների եւ լրագրողների ներգրավվածությամբ դատական նոր գործերն են:
«Հատկանշական է, որ բոլոր գործերը վիրավորանքի եւ զրպարտության հիմքով են»,-նշեց նա:
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահն ընդգծեց, որ 2016թ. առաջին եռամսյակը աչքի է ընկել նաեւ լրատվամիջոցներին օրենսդրական տարբեր նախաձեռնությունների միջոցով զսպաշապիկ հագցնելու փորձերով:
Այս առումով Մելիքյանն առանձնացրեց ՀՀ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը` լրագրողների գործունեությունը սահմանող դրույթներով:
«Այս դրույթներով սահմանափակվում էր լրագրողների իրավունքները: Բարեբախտաբար մենք եւ լրագրողների իրավունքները պաշտպանող այլ կազմակերպություններ մեր առաջարկներով հասանք նրան, որ ընտրությունները կլուսաբանվեն հավատարմագրման սկզբունքով»,-նշեց նա:
Մելիքյանն ամփոփեց` 2016 թ. առաջին եռամսյակը հայաստանյան լրատվամիջոցների գործունեության համար բարենպաստ չէր:





























