Ապրիլի 17-ին Հայաստանի 33 համայնքներում տեղի ունեցած ընտրություններում չեն եղել այնպիսի դեպքեր, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ չբացառելով, որ եղել են նաեւ ընտրակաշառքի դեպքեր:

Նրա խոսքով, ընդհանրապես ՏԻՄ ընտրությունները տարբերվում են համապետական ընտրություններից նրանով, որ այստեղ կարող են լինել մեծ ընկերոջ, հարազատի, բարեկամի խնդրանքներ, մաղարիչ, բայց կաշառքը մի փոքր այլ է: «Կաշառք բառն այնքան նուրբ ու բազմագույն է… Ես չեմ բացառում ընտրակաշառքը, բայց համաձայն չեմ, որ դա քաղաքականություն է: Օրինակ 1990-ականներին, փոքր գյուղում ընտրություններ էինք անցկացնում, արդար եղավ եւ 8-րդ դասարանցի մի տղա ընտրվեց գյուղապետ, բայց ճիշտ չէր: Շատ արդար ընտրություններ եղավ, ինքն էլ զարմացավ»,-ասաց Ալեքսանյանը՝ հավելելով. «Զոհված ազատամարտիկի հարազատներին փող են տալիս ընտրությունների անվան տակ: Կարելի էր դա անել ավելի նուրբ, նախօրոք լավ նայել այդ մարդկանց»:

Դիտարկմանը, թե ինչպես է պատահում, որ համայնքի ղեկավարը տարիներ շարունակ չի լուծում համայնքի խնդիրները, չի բարեկարգում փողոցները, բայց ընտրությունների ժամանակ մարդիկ հենց այդ իշխանության թեկնածուին են նորից տալիս իրենց ձայնը, Ալեքսանյանը պատկերավոր բացատրություն տվեց. «Ամուսինները 30 տարի միասին ապրում են, իրարից լճանում են, հոգնում են, բայց պահում են չէ՞ ամուսնությունը»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ընտրակաշառքը բոլորին էլ ձեռնտու է, ով կարողանում է դրանով ձայն բերել:

«Ես որպես ՀՀԿ անդամ, քաղաքական գործիչ պետք է նշեմ, որ նպատակ կա՝ այդ երևույթը վերանա, քանզի գնալով դա ավելի վտանգավոր է դառնում»,-իր խոսքն ամփոփեց Ալեքսանյանը: