Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմը մեկ անգամ եւս ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է  վարել իր սադրիչ քաղաքականությունը, որի պատճառներից մեկն էլ միջազգային հանրության անհասցե կոչերն են: Այս մասին այսօր`  ապրիլի 20-ին, լրագրողների հետ հանդպիմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանը:

«Եթե ժամանակին Ադրբեջանի նկատմամբ հասցեական գնահատական տրվեր միջազգային հանրության եւ կառույցների կողմից, այսօր այդ քայլին չէր գնա Ադրբեջանը:  Միջազգային հանրության տված գնահատականը միշտ անհասցե է եղել: Մեր հայ զինվորի մեջ այնքան մեծ էր հայրենասիրությունը, որ հաճախ հարց եմ տալիս ինձ` արդյոք մենք մեր կրթական ծրագրերով հասցրել ենք այդքան հայրենասիրական ոգի ներդնել նրանց մեջ, որ այսօր ստացանք այն: Տարբեր քաղաքական ուժեր, փորձեցին այդ օրերին միասնականորեն դիմակայել այդ ամենին, մինչդեռ հակառակ կողմից ունեինք այլ տեսարան, նրանք իրենց զինվորների վրա կրակելով էին ուղարկում պատերազմ»,-ասաց պատգամավորը:

«Բարեւ Երեւան» խմբակցության եւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ Հայաստանում այն խոսակցությունները, թե պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների մեծ մասը անապահով ընտանիքներից են, Հայաստանում տիրող ծանր տնտեսության արդյունք է:

«Սոցիալապես ոչ անապահով ընտանիքներից են զոհված զինծառայողների մեծ մասը: Համաշխարհային բանկի ապրիլի 8-ի զեկույցով ասվում է, որ Հայաստանում աղքատությունը 76 տոկոս է, այս երկրի զինվորների ընտանիքները պարզ է, որ անապահով պետք է լինեն: Այստեղ պաշտպանության նախարարն ինչ անի, իշխանությունը պետք է այս ամեն ինչից մի հետեւություն անի: Աղքատությունը իշխանությանը պետք է, որ ձեռնտու չլինի, բայց քայլեր չեն արվում տնտեսությունը զարգացնելու համար, աղքատ են պահում ժողովրդին, որ  ընտրությունների ժամանակ 5000 դրամով քվեները գնեն: Նախագահը Ստեփանակերտում փառաբանեց մեր զինվորներին, որ կարգապահ են եւ այլն,  բայց երբ պիտի մեր իշխանությունն էլ դառնա ամենակարգապահ, ամենակազմակերպված իշխանությունը»,-ասաց նա:

Նկարիչ Հաղթանակ Շահումյանի խոսքով էլ, Հայաստանի իշխանությունները ապրիլյան դեպքերից պետք է դաս քաղեն: «Ցավոք, մենք խելոք ժողովուրդ լինելով, ուրիշների օրինակից դասեր չենք քաղում: Միջազգային ասպարեզում Ադրբեջանն ահագին հեղինակազրկվել է, մեր դիվանագիտությունը պետք է դա կարողանա օգտագործել եւ լինել ավելի ակտիվ:  Մենք պետք է պրոֆեսիոնալ  դիվանագիտական խումբ ունենանք եւ  Արցախի ու  Հայաստանի հետագա ապահովության հարցը միջազգային տարբեր ատյաններում ապահովենք»,-ասաց նա: