Չեչենական «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը այլեւս միջազգային չվերթների չի իրականացնելու, այդ թվում նաեւ դեպի Երեւան:

«Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներադկոն հրաման է ստորագրել, որն արգելում է «Գրոզնի Ավիա» ավիաընկերությանը միջազգային փոխադրումներ իրականացնել։ Համապատասխան հրամանում նշված է՝ «սահմանափակումներ մտցնել «Գրոզնի Ավիա» ավիաընկերություն շահագործող ընկերության №519 վկայականի գործունեության մեջ միջազգային թռիչքների մասով»: Հրամանը հրապարակվել է այդ գերատեսչության կայքում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Նշվում է, որ ապրիլի 14-ին «Գրոզնի Ավիան» դիմել է պատկան մարմնին, որն էլ ապրիլի 19-ին ընկերության հայտարարության հիման վրա փոփոխություն է մտցրել օպերատորի սերտիֆիկատում՝ սահմանափակելով նրա կողմից միջազգային չվերթների իրականացումը: Թե ինչու է «Գրոզնի ավիան» հրաժարվել միջազգային չվերթներից, հայտնի չէ:

Հատկանշական է, որ «Գրոզնի ավիան» իր պաշտոնական կայքում դեռ նախորդ տարի հայտարարել էր, որ 2016-ի մարտի 17-ից մեկնարկելու են Վորոնեժ-Երեւան եւ Կուրսկ-Երեւան չվերթները ու հիմա անսպասելիորեն հրաժարվում է միջազգային բոլոր չվերթներից:

Ու թեեւ «Ռոսավիացիան» ապրիլի 19-ի որոշմամբ սահմանափակել է «Գրոզնի ավիայի» գործունեությունը՝ միջազգային չվերթների մասով, սակայն ավիաընկերության կայքում դեռեւս նշված է, որ այն չվերթներ է իրականացնում դեպի Երեւան: Ընդ որում, Երեւան-Վորոնեժ, Վորոնեժ-Երեւան, Երեւան-Կուրսկ-Կուրս Երեւան չվերթները միակն են «Գրոզնի ավիայի» միջազգային չվերթներում:

Այս խնդրի առնչությամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ այսօր՝ ապրիլի 20-ին նախարար Արծվիկ Մինասյանի անունով նամակ է ստացվել «Գրոզնի ավիա»-ից, որտեղ նշվել է, որ ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է միջազգային չվերթները՝ պրոֆիլակտիկ գործողությունների կապակցությամբ: Նշվել է նաեւ, որ դադարեցումը երկարաժամկետ չի լինելու, սակայն ժամկետ նշված չէ, թե երբ կվերականգնվեն չվերթները:

Հիշեցնենք, որ «Գրոզնի ավիա» ընկերությունը 2014 թվականի նոյեմբերից սկսել է թռիչքներ իրականացնել Կազանից Երեւան եւ Անապայից Երեւան:

Դեռեւս 2014-ի հոկտեմբերին Ղրիմի տրանպորստի նախարարի պաշտոնակատար Անատոլի Ցուրկինը հայտարարել էր, որ Սիմֆերոպոլ-Երեւան ուղիղ ավիաչվերթներ են իրականացվելու, ինչը մեծ աղմուկի առիթ էր դարձել: Բանն այն է, որ կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ, նույն թվականի սեպտեմբերին «Եվրոկոնտրոլը», (որի անդամ է նաեւ Հայաստանը) դադարեցրել էր Ղրիմի օդանավակայանների հետ միջազգային թռիչքները եւ Երեւանից Ղրիմ թռիչքները կարող էին Հայաստանի վրա թանկ նստել: Այն ժամանակ «Հետքի» աղբյուրը գրել էր, որ ամերիկացիները սպառնացել են այդ դեպքում պատժամիջոցներ կիրառել ՀՀ-ի դեմ:

Արդյունքում որոշվել էր, որ «Գրոզնի» ավիան» Ղրիմից Երեւան ուղիղ չվերթներ չի իրականացնի, այլ դա տեղի կունենա Անապայի միջոցով: Այսինքն՝ միջազգային էր համարվում միայն Երեւան-Անապա չվերթը, իսկ Անապա-Սիմֆերոպոլ հատվածն արդեն ռուսական կողմի ամբողջական պատասխանատվության ներքո էր իբրեւ ներքին չվերթ: