Հայաստանի հյուսիսում հողմային էլեկտրակայանի կառուցման՝ հայ-իտալական նախագծում կարող է շվեյցարացի նոր ներդրող ընդգրկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Արէներջի» հայկական ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Բաղդասարյանը:

Ընկերությունը պատրաստվում էր 200-210 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 70 տուրբինից կազմված հողմակայան կառուցել: Դրանք պետք է տեղակայվեիր Քարախաչ լեռնանցքում՝ Ջավախքի եւ Գոգարանց լեռնաշղթաների միջեւ, Հայաստանի Լոռու եւ Շիրակի մարզերի սահմանին: Ընկերությունը շինարարության լիցենզիա է ստացել դեռեւս 2009 թվականին, սակայն բաժնետոմսերի 80%-ի իտալացի սեփականատեր «Fortore  Energia S.p.A» ընկերությունն այս ընթացքում նախագծում որեւէ ներդրում չի կատարել (չնայած ոլորտում նորեկ չէ եւ հողմակայաններ ունի ինչպես Իտալիայում, այնպես էլ Բրազիլիայում եւ Ռումինիայում):

«Հայկական ներդրողները, որոնց պատկանում է բաժնետոմսերի մնացյալ 20%-ը, միայնակ չեն կարող իրականացնել ամբողջ նախագիծը»,- հավելեց Բաղդասարյանը: Ավելի վաղ լիզենցիայի գործողությունը կասեցվել էր, իսկ ապրիլի 20-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում այն վերջնականապես հետ է կանչվել: Այդ պատճառով նույնիսկ նախնական աշխատանքներ չեն կատարվել:

«Ամեն դեպքում, մենք հույսը չենք կորցնում, որ մեր իտալացի գործընկերները կսկսեն ներդրումներ կատարել: Մայիսի սկզբին, իրենց իսկ հավաստմամբ, Երեւան են ժամանելու: Այդ ժամանակ էլ հույս ունենք նորից լիցենզիա ստանալ եւ իսկապես սկսել շինարարությունը: Ընդ որում, չեմ կարող ասել, որ նախագիծը կոմերցիոն տեսանկյունից հետաքրքրություն չի ներկայացնում: Նախկինում Քարախաչում ցանկանում էր հողմակայան կառուցել չինական մի ընկերություն, հիմա՝ շվեյցարացիները, որը պատրաստ է համաներդրող դառնալ: 1 ՄՎտ-ի հաշվարկով շինարարության արժեքը շուրջ 1.3 մլն եվրո է»,- նշեց Գագիկ Բաղդասարյանը:

Նշենք, որ Հայաստանում հողմային էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ-ի սակագինը 42.4 դրամ է՝ առանց ԱԱՀ-ի: Տարեկան մեկ անգամ սակագինը վերանայվում է՝ հաշվի առնելով եվրոյի փոխարժեքը (հաշվի առնելով Եվրոպայից սարքավորումների ներկրման փաստը): Ներկայում Հայաստանում երկու հողմային էլեկտրակայան կա՝ 2.64 ՄՎտ հզորությամբ «Լոռի 1»-ը եւ 285 կՎտ հզորությամբ «Արաց»-ը: