Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարության Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է կենտրոնի յոթ հարկանի բուժական մասնաշենքի եւ նոր եռահարկ մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքներին, շրջել նորակառույց շենքի բաժանմունքներով:

Վարչապետին ներկայացվել են արյունաբանական կենտրոնի արդիականացման աշխատանքները, ինչպես նաեւ տարածաշրջանային նշանակություն ունեցող Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի (ՈՓԲ) եւ ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման գործընթացը:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակում ներկայում ընթանում են մասնաշենքերի ներքին հարդարման, ինժեներական համակարգերի տեղադրման եւ արտաքին երեսպատման աշխատանքները: Առաջիկա ամիսների ընթացքում կմեկնարկեն նաեւ բժշկական սարքավորումների, կահույքի եւ պարագաների մատակարարման աշխատանքները:

Տեղեկացվել է, որ երկհարկանի ախտորոշիչ մասնաշենքի տեղում կառուցված եռահարկ նոր մասնաշենքում կտեղակայվի միջազգային չափանիշներին համապատասխանող տարածաշրջանային նշանակություն ունեցող ցողունային բջիջների հավաքագրման, մշակման եւ պահպանման լաբորատորիան, որը կբավարարի ISO եւ GMP չափորոշիչներին: Արյունաբանական կենտրոնը կունենա 88 մահճակալ եւ տարեկան 75 հիվանդի փոխպատվաստում իրականացնելու հնարավորություն: Կենտրոնի ծառայություններն առավել ամբողջական դարձնելու նպատակով նախատեսվում են բժշկական անձնակազմի վերապատրաստման դասընթացներ՝ միջազգային եւ տեղի մասնագետների մասնակցությամբ:

Կարեւորելով տարածաշրջանում միջազգային չափանիշներին համապատասխան միակ կենտրոնի կառուցումը՝ վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել, որ ներդրված գումարները նպատակային են ծախսվել, իսկ շինաշխատանքները՝ որակով կատարվել: