Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվող Հովհաննես Մուրադյանի դեմ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը:
Հովհաննես Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն):
Երեւանի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Մուրադյանը ձերբակալվել է ապրիլի 18-ին:
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ 2016 թ. ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին եւ ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ:
Քրեական գործով Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ին բերման է ենթարկվել, ապա` ձերբակալվել 1984թ. ծնված Հ. Մուրադյանը: Վերջինս հարցաքննվել է եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ:Հայտնաբերվել է այն ավտոմեքենան, որը կասկածյալը վարելիս է եղել նշված արարքը կատարելիս:
Նշենք, որ ըստ NEWS.am-ի տեղեկությունների՝ Հովհաննես Մուրադյանը տաքսու վարորդ է:




























