Իշխանությունների կողմից  առավելագույնն է առաջարկվել է քվեարկված ցուցակների հրապարակման հետ կապված։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը պատասխանելով հարցին, թե ընդդիմության առանցքային պահանջներին ընդառաջ չգնալը արդյո՞ք չի նշանակում, որ չի կատարվելու միջազգային  կառույցների գլխավոր պահանջը՝  ընտրական գործընթացների հանդեպ քաղաքացիների վստահության բարձրացումը։

«Մենք ասում ենք՝ քվեարկված ցուցակների հրապարակումը գաղտնիության հետ կապված խնդիր է առաջացնում, ինչը մերկապարանոց հայտարարություն չէ, այլ Վենետիկի հանձնաժողովի դրույթն է։ Իշխանության կողմից առավելագույնն է առաջարկվել։  Ինչպիսի նորամուծություն էլ անելու լինես, ոչինչ չի կարող փոխարինել  ընտրությունների բուն գործընթացին, այսինքն՝ բուն ընտրական գործընթացը՝ եթե անցկացվում է այնպես, որ  ընդհանրապես հարցերի տեղիք չի տալիս, ապա այստեղ էական նշանակություն չունի, թե դու ինչ ես անում»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։

Հարցին, թե ինչպե՞ս կարող են հարցեր չծագել, եթե նոր Ընտրական օրենսգրքով  հարցերի տեղիք տվող խնդիրները չեն կարգավորվում, արձագանքեց.  «Ես նորից եմ ասում՝ էականը ոչ թե էս կամ էն փոփոխությունն է, քվեարկված ցուցակների հրապարակումն է,  որպեսզի բարձրանա վստահությունը, այլ բուն անցկացման գործընթացը, կոնկրետ այն մեխանիզմները, որ ներմուծվում կամ չեն ներմուծվում նոր Ընտրական օրենսգրքով, ես դա երկրորդում եմ բուն խնդրին»։