ԱՄՆ պետքարտուղարությունը կրկին խորն անհանգստություն է հայտնել Թուրքիայում լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակով: Այս մասին հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Ջոն Քիրբին՝ անդրադառնալով Sputnik-Թուրքիա գործակալության գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովին երկրի տարածք մտնելու արգելքին:

«Մենք տեսել ենք լրատվամիջոցների հաղորդագրություններն այդ մասին: Կարող եմ միայն եւս մեկ անգամ հայտարարել, որ մենք խորապես անհանգստացած ենք Թուրքիայում լրատվամիջոցների ազատության խնդրի առիթով»,- հայտարարել է նա:

Ըստ ՏԱՍՍ-ի, թուրքական իշխանություններն անցյալ գիշեր Ստամբուլ ժամանած Քերիմովին արգելել էին երկրի տարածք մտնել: Լրագրողը շուրջ մեկ ժամ անցկացրել է ժամանման սպասասրահում: «Դրանից հետո ինձ փաստաթուղթ տվեցին, որում նշված էր, որ ես ուղեւոր եմ, որի մուտքը Թուրքիա արգելված է: Փաստաթղթում որեւէ պարզաբանում նշված չէր»,- Քերիմովի խոսքերն է մեջբերում Sputnik-ը: