Եվրամիության հետ համատեղ սկսվել են հայ վրացական սահմանին գտնվող «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետի տեխնիկական վերազինման աշխատանքները, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ դարձնել սահմանների ապօրինի խախտման դեպքերի դեմ պայքարը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

Նրա խոսքով, սահմանային անվտանգության ապահովման ռազմավարության մեջ հաշվի են առնվում Հայաստանի ռազմավարական գործընկերների բոլոր առաջարկները, ովքեր ակտիվորեն ներքաշված են դրա մշակման գործընթացի մեջ։ Բաղդասարյանը նաեւ հայտնեց, որ ամենայն մանրամասնությամբ հաշվի են առնվել Իրանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բոլոր հնարավոր խնդիրները, մարտահրավերները եւ վտանգները։ Նա նշեց, որ Հայաստանի նախագահը կառավարությանը հանձնարարել է եռամսյա ժամկետում մշակել այդ ուղղությամբ միջոցառումների ծրագիրը։

Բաղդասարյանը նաեւ ընդգծեց, որ կգործի «մեկ պատուհանի» սկզբունքը։

Անդրադառնալով Ազգային անվտանգության խորհրդի շաբաթօրյա նիստին, որը վարել էր Հայաստանի նախագահը, ԱԱԽ քարտուղարը նշեց, որ դրա ժամանակ հավանություն են տվել սահմանային անվտանգության ռազմավարությանը եւ պետական սահմանների համալիր կառավարման ապահովմանը: