Բելառուսում արդեն իսկ հստակեցվել է նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակը: Բացի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, երկրի նախագահի պաշտոնին հավակնում են եւս 16 թեկնածուներ: Սեպտեմբերի 27-ին Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է հենց այդքան քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրում, որոնք սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 29-ը ստորագրություններ կհավաքեն, որոնք թույլ կտան թեկնածուներին մասնակցել նախագահական մրցապայքարին: Եւս մի խումբ՝ ի աջակցություն Ալեքսանդր Լուկաշենկոյի, ԿԸՀ-ում է գրանցվել դեռեւս անցյալ շաբաթվա կեսին;    

Բացի Լուկաշենկոյից, նախագահի աթոռի համար կպայքարեն նաեւ պոետ Վլադիմիր Նեկլյաեւը, տնտեսագետ Յարոսլավ Ռոմանչուկը, Կանաչների բելառուսական կուսակցության առաջին փոխնախագահ Յուրի Գլուշակովը, նախկին ԱԳ նախարար Անդրեյ Սաննիկովը, ընդդիմադիր ակտիվիստ Ասել Միխալեվիչը, գործարար Դմիտրի Ուսսը եւ այլք:  Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», նախաձեռնող խմբերի կողմից առաջադրված եւս երկու հավակնորդի ԿԸՀ-ն չի գրանցել: «Անհաջողակների» ցանկում է ցեխաբուժման հիվանդանոցի բուժաշխատող Նատալյա Ստարիկովան, ինչպես նաեւ 29-ամյա Իլյա Դոբրոտվորը: Նրա տարիքը չի համապատասխանել թեկնածու գրանցվելու համար, քանի որ նախագահի թեկնածու կարող է առաջադրվել 35 տարին լրացած անձը: Բացի այդ, Դոբրոտվորին առաջադրած նախաձեռնող խմբում ընդամենը մեկ մարդ է եղել՝ հենց ինքը: