Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը քննադատության է արժանացել Հայոց ցեղասպանությունը ժխտող խմբի պատվիրած գովազդը տեղադրելու համար։
Գովազդային հայտարարությունը տեղադրվել էր Fact Check Armenia հակահայկական խմբի կողմից, որը պնդում է, որ իր գործունեության նպատակը «թուրքական ազգային ինքնությունն ու մշակույթը պահպանելն է»։ Խումբը հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդերը։ Գովազդում ակնարկներ են եղել այն մասին, որ հայերը իրենց պատասխանատվության բաժինն ունեն հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցածի համար։
«Truth = Peace» հայտարարության մեջ մեջբերում է արվել ՀՀ նախկին վարչապետի ելույթից, որում նա ցավ է հայտնել թուրքերի հետ «խաղաղության լեզվով համաձայնության չգալու համար»։ Հայտարարության աջ անկյունում գրված է եղել «Վերջ տվեք մեղադրանքներին»՝ ակնարկելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերից բացի, սպանվել են թուրքեր, արաբներ եւ քրդեր։
The Huffington Post պարբերականը փորձել է այս կապակցությամբ պարզաբանումներ ստանալ Wall Street Journal-ից։ Դրան ի պատասխան՝ պարբերականից հայտնել են, որ իրենք ընդունում են գովազդների բավական լայն սպեկտոր, այդ թվում սադրիչ բնույթի։ «Մենք գովազդի կրկնօրինակին մոտենում ենք որպես ճաշակի հարց , արտահայտված տարբեր կարծիքներն ու տեսակետները պատկանում են գովազդատուներին»,- հայտնել են թերթից։




























