Հայաստանի՝ ԵՏՄ կազմից դուրս գալու անհրաժեշտությունը չկա։ Այս մասին ապրիլի 21-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին Խաչատուր Քոքոբելյանի ներկայացրած հայտարարության նախագիծը։

«Ես՝ որպես էկոնոմիկայի նախարար, դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում։ Պետք չէ դուրս գալ ինտեգրացիոն միավորումից, որի հնարավորություններից մենք դեռ չենք օգտվել։ Երբ այդ հնարավորություններն ամբողջովին սպառենք, այդ ժամանակ էլ կարելի է բարձրացնել այդ հարցը»,- նշել է Մինասյանը եւ հավելել, որ Հայաստանի՝ ԵՏՄ կազմից դուրս գալու մասին հայտարարությունները արհեստականորեն աժիոտաժ է ստեղծում եւ սխալ սպասելիքներ ձեւավորում այդ թվում բիզնեսի մոտ։