Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների պատվիրակությունը ապրիլի 19-ին, (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը եւ այլ կազմակերպություններ) հանրագիր է հանձնել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Անջելին Էյսինկին:
FAON-ից հայտնում են, որ խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկա են եղել հանրագրի հանձնման ժամանակ:
Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների անունից Ինգա Դրոստը երախտագիտություն հայտնեց Հանձնաժողովի անդամներին, ովքեր 2015 թվականի մայիսին այցելել են Հայաստան եւ ովքեր ներգրավվածություն ունեն հայերին վերաբերող հարցերում: Ինչպես նախորդ տարի, նրանցից շատերը այս տարի եւս ապրիլի 24-ին մասնակցելու են Մեծ Եղեռնի ոգեկոչման միջոցառումներին։
Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա (FAON), Հայ Դատի հանձնախումբ, Հայ երիտասարդական «AJO» կազմակերպություն, Հայ ուսանողական «Գլաձոր» միություն եւ Հայ երիտասարդական «Գարեգին Նժդեհ» միություն) ներկայացրեցին հանրագրի տարբեր պահանջները` Նիդերլանդների կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումը եւ Ռաուֆուտի բանաձեւի դրույթների իրականացումը, թուրքական եւ ադրբեջանական կազմակերպությունների ներկայացուցիչների ընդդեմ հայերի խտրականություն եւ ատելություն սերմանող արտահայտությունների դատապարտումը եւ հոլանդական քաղաքական եւ հասարակական կյանքում Անկարայի թաքուն միջամտության դեմ պայքարի անհրաժեշտությունը:
Առաջ քաշվեց նաեւ Հայոց ցեղասպանության հետեւանքով հայերի կորուստների անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման հարցը, ինչպես նշված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում։
Առաջիկա շաբաթ օրը Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները հանրահավաք-ցույց կանցկացնեն Ամստերդամի կենտրոնում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ:
Կիրակի օրը, ապրիլի 24-ին, կկայանան ոգեկոչման միջոցառումներ Նիդերլանդների հայկական հուշարձանների մոտ:
Պետք է նաեւ նշել, որ այսօր Հայ ուսանողական «Գլաձոր» միության պատվիրակությունը մեկնել է Հայաստան մասնակցելու Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին։ Ապրիլի 24-ին, պատվիրակության անդամները կլինեն Ծիծեռնակաբերդում եւ Համագործակցող հոլանդահայ կազմակերպություններ անունից ծաղկեպսակ կդնեն Ցեղասպանության զոհերի հուշարձանին։




























