Երեւանի Ս.Սպանդարյանի անվան 24 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի տղաներից մեկի մոր՝ Լիլիթ Շահբազյանի ինքնազգացողությունն այնքան է վատացել, որ ապրիլի 20-ին հիվանդանոց են տարել, հաղորդում է Aravot.am-ը 

Լիլիթ Շահբազյանի խոսքով, պատճառը իր 11-ամյա որդու հետ դպրոցում պատահած միջադեպն է: Ծնողը պնդում է, որ տեխնոլոգիայի ուսուցիչ Ալեքսան Գյոզալյանն այնպես է ոլորել տղայի ականջը, որ երեխան կզակով բախվել է աշակերտական սեղանին, հետո ստիպել է, որ այլ աշխատանք կատարի, կոպիտ բառեր է ասել, տղան էլ հակադարձել է, թե «այդ էշությունը չեմ կատարի»:

Ծնողը նշում է, որ ուսուցիչը անընդհատ երեխայի արժանապատվությունը նսեմացրել է, հիվանդ է անվանել, վերջին հանդիպմանն անգամ իր հասցեին է նույնպիսի որակում արել: Ընդ որում, մասնագիտությամբ հոգեբան ծնողի պատմելով, երեխան գերազանցիկ է, կիթառահար, փառատոներից մրցանակներ բերած մեկը, որը դպրոցի միջոցառումներին միշտ սիրով ելույթ է ունենում: Ինչ վերաբերում է տեխնոլոգիա առարկային, ասում է՝ ամբողջը գծագրություն է, ստիպված են «շուռուպ» ու «դռելի մասեր» նկարել:

Ծնողի ասելով, այդ միջադեպին միջամտել է ամուսինը, որից հետո տնօրեն Աշոտ Ավետիսյանը ոստիկանություն է զանգահարել, արդյունքում՝ 11-ամյա աշակերտն ու հայրը մի քանի ժամ անցկացրել են ոստիկանական բաժանմունքում:

Լիլիթը չի կարողացել դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, քանի որ նյարդային վիճակում է գտնվել, իր պատմելով թիվ 2 հիվանդանոցում՝ դեղերի ազդեցության տակ: Այժմ նա չի ցանկանում, որ երեխան րոպե ավել մնա այդ դպրոցում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում