Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ավարտել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված հերթական համատեղ ծրագիրը. Արարատ մարզի Պարույր Սեւակ համայնքն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարման համակարգով:  Գյուղում կառուցվել է 1850մ երկարությամբ ջրագիծ, տեղադրվել են ջրաչափական հանգույցներ:

 Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Պարույր Սեւակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը եւ համայնքի բնակիչներ:

Նախիջեւանի հետ 15 կմ ընդհանուր սահման ունեցող Պարույր Սեւակ համայնքում ապրում է  շուրջ 580 բնակիչ: Գյուղի ջրամատակարարման համակարգը տարիներ շարունակ եղել է անմխիթար վիճակում: Բացի քայքայված ու վթարված ջրագծերից, համակարգը չի համապատասխանել նաեւ ջրամատակարարման բաշխիչ ցանցերի գոտիավորման եւ կազմակերպման պահանջներին: Ցանցում բացակայել են ջրաչափեր, ինչի պատճառով բաշխման ենթակա ջրաքանակը չի հաշվառվել եւ ծախսած ջրի դիմաց գումար չի գանձվել՝ համակարգի շահագործման ծախսերն ապահովելու նպատակով: Համայնքում ջրամատակարարում իրականացվել է օրական 2 ժամ, իսկ ամռան ամիսներին՝ այն չի գերազանցել10-15 րոպեն:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ նախաձեռնությամբ՝ 2015թ. Պարույր Սեւակ համայնքում իրականացվել են ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման եւ ջրաչափական հանգույցների տեղադրման աշխատանքներ: Մասնավորապես՝ կառուցվել է 1850մ երկարությամբ նոր ջրագիծ, տեղադրվել է դիտահորորով ապահովված 118 ջրաչափական հանգույց եւ 6 սողնակ:

«Մարզերում ենթակառուցվածքների զարգացումը ոչ միայն կարեւոր, այլեւ անհրաժեշտ պայման է՝ զարգացման ճանապարհով գնալու համար: Գուցե, տարբեր երկրներին հատուկ օրինաչափություն է դարձել շքեղ մայրաքաղաք կառուցելը: Մեզ համար, սակայն տնտեսական, սոցիալական բեւեռացումն արդարացված լինել չի կարող: Ներկայանալի քաղաքների կողքին անհրաժեշտ է ունենալ տարրական պայմաններով ապահովված գյուղեր: Այս ծրագիրը մասամբ լուծում է այդ հարցը: Հաճելի է արձանագրել, որ երկկողմ համագործակցությամբ կարողացել ենք փոքր-ինչ օգտակար լինել այս համայնքի բնակիչներին եւ մեր երկրին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համայնքում այժմ ջրամատակարարումն իրականացվում է 16-ժամյա գրաֆիկով:

Բնակիչների եւ համայնքի միջեւ ջրօգտագործման պայմանագրեր ստորագրելուց հետո` համայնքի բնակիչներն ապահովված կլինեն 24-ժամյա սպասարկմամբ: Կատարված աշխատանքների արդյունքում, տնտեսված ջրաքանակի շնորհիվ, հետագայում կիրականացվի նաեւ համայնքի մյուս բնակավայրի՝ մոտ 180 բնակիչ ունեցող Տիգրանաշենի ջրամատակարարումը:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ ջրամատակարարման բարելավմանն ուղղված համատեղ նախագծի շրջանակում, անցած տարվա ընթացքում շուրջօրյա ջրամատակարարմամբ են ապահովվել նաեւ Լոռու մարզի Չկալով, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ եւ Սյունիքի մարզի Լոր համայնքները: Համայնքային զարգացման ուղղված համագործակցությունը կշարունակվի նաեւ 2016 թ.-ին: