Վարչապետ, Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի՝ խորհրդի կողմից նշանակված գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մկրտիչեանին:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արման Խաչատրյանին՝ համատեղ աշխատանքի եւ անցած տարիների ընթացքում կատարած ծավալուն գործունեության համար եւ նշել, որ որեւէ դժգոհություն չունի նրա աշխատանքից: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Արման Խաչատրյանն իր հետագա գործունեությունը կշարունակի ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնում:
Ներկայացնելով Կարեն Մկրտիչեանին՝ վարչապետը նշել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ պարոն Մկրտիչեանն ունի հարուստ աշխատանքային փորձ: «Ես Կարեն Մկրտիչեանին եմ ներկայացրել իմ տեսլականն ու ծրագրերը, որոնք պետք է իրականացնի հիմնադրամը: Համոզված եմ, որ նա իր գիտելիքներն ու փորձն առավելագույնս կներդնի՝ հիմնադրամի գործունեությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու եւ մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Հիմնադրամի գործունեության ոլորտում ունենք լուրջ անելիքներ եւ համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք արձանագրել լուրջ արդյունքներ»,- ասել է վարչապետը եւ Կարեն Մկրտիչեանին մաղթել բեղմնավոր աշխատանք:
Արման Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար՝ նշելով, որ հիմնադրամի աշխատակազմն այս ընթացքում փորձել է ներդնել առավելագույն ջանքեր՝ իր առջեւ դրված խնդիրներն ու նպատակները կյանքի կոչելու համար: Պարոն Խաչատրյանը շնորհավորել է Կարեն Մկրտիչեանին եւ նրան մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Իր հերթին, նորանշանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը շնորհակալություն է վարչապետին՝ վստահության, եւ Արման Խաչատրյանին՝ ծավալուն գործունեության համար: Նրա համոզմամբ՝ ՀՀ վարչապետի աջակցությամբ, միասնական աշխատանքով, հիմնադրամի առջեւ դնելով հստակ նպատակներ՝ կկարողանան հասնել արդյունավետ գործունեության:
Այնուհետեւ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է հիմնադրամի արդյունավետ աշխատանքը՝ ուղղված ներդրումների ներգրավմանը, արտահանման ծավալների ընդլայնմանը, զբոսաշրջության զարգացմանը եւ տվել համապատասխան հանձնարարականներ:




























