Կառավարությունում, վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, այսօր՝ ապրիլի 21-ին, «Վինար» ընկերության տնօրենը խոստացել է, որ հնարավորինս սեղմ ժամկետում կկատարի խաղողագործների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացրած Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին: Կառավարության ղեկավարը լսել է խաղողագործների բարձրացրած խնդիրները, որոնք վերաբերել են «Վինար» ընկերության կողմից մթերված խաղողի դիմաց վճարումների շարունակական հետաձգմանը:
Խաղողագործները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին ընդունելու եւ իրենց խնդիրների լուծմանը հետամուտ լինելու համար:
Հիշեցնենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» գործարանը քաղցրաշենցիներին պարտք 185 միլիոն դրամ։ «Վինար» գործարանի սեփականատերերն են Ավետ Գալստյանը եւ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո)։ Նրանք եւս այսօր մասնակցել են վարչապետի հետ հանդիպմանը:
Հանդիպումից հետո գյուղացիները «Վինար» գործարանի սեփականատեր Կարո Կարապետյանից հետաքրքրվել են, թե իսկապես փոխհատուցում կստանա՞ն քաղցրաշենցիները, ինչին Կարո Կարապետյանը պատասխանել է. «Ինչո՞ւ եք ինձ հարցնում, տնօրենից հարցրեք»։ «Ես ՝որպես գյուղացի, գյուղացիների կողքին կանգնած եմ։ Պետք է անպայման իրենց փողերը վճարվի»,-ասել է նա:




























