Ապրիլի 20-ին ԱՄՆ Հավայի նահանգի Հոնոլուլու շրջանի եւ քաղաքի Խորհուրդը ընդունել է 16-78, CD1 բանաձեւը, որով քաջալերում է եւ սատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերին՝ երաշխավորելու իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ եւ անկախ հասարակությանը:
Բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին սատարել միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար եւ երկարատեւ լուծմանը:
Բանաձեւում, մասնավորապես, ասվում է
«ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է նաեւ Արցախ անվանմամբ, դեպի ծով ելք չունեցող տարածաշրջան է, որը պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք եւ նրա բնակչության մեծամասնությունը կազմում են էթնիկ հայեր, ինչպես նաեւ
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ շրջանը 1921 թ. անջատվել է Հայաստանից եւ փոխանցվել Խորհրդային Ադրբեջանի իշխանության տակ որպես Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, ինչպես նաեւ
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում սկիզբ է դրվել ազգային-ազատագրական շարժմանը, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ներկայացնող ընտրված օրենսդիր մարմինը որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղը Սովետական Սոցիալիստական Հայաստանին վերադարձնելու մասին,ինչպես նաեւ
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի օրենսդրական մարմինը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ այն ժամանակ գործող օրենսդրության համաձայն, ինչպես նաեւ
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է հօգուտ անկախության, եւ 1992 թ. հունվարի 6-ին ժողովրդավարական ճանապարհով ընտրված ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության օրենսդիր մարմինը պաշտոնապես հայտարարել է անկախության մասին, ինչպես նաեւ
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ անկախության հռչակումից ի վեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կառուցել է ազատ շուկայական տնտեսությամբ եւ կենսունակ քաղաքացիական հասարակությամբ ժողովրդավարական պետություն, որը անցկացնում է միջազգային ոչ կառավարական դիտորդների կողմից որպես ազատ եւ արդար ճանաչված խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ։
ՈՐՈՇԵԼ Է, որ Հոնոլուլուի քաղաքի եւ շրջանի Խորհուրդը քաջալերում է եւ սատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերին՝ երաշխավորելու իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշեն ազատ եւ անկախ հասարակությանը:
ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇԵԼ Է, որ Խորհուրդը կոչ է անում ԱՄՆ Նախագահին եւ Կոնգրեսին սատարել միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ռազմավարական կարեւորություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար եւ երկարատեւ լուծմանը:
ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇԵԼ Է, որ սույն Բանաձեւի պատճեները կփոխանցվեն Միացյալ Նահանգների նախագահին,ԱՄՆ Սենատի Նախագահին, Ներկայացուցիչների պալատի Խոսնակին եւ Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հավայիի պատվիրակության յուրաքանչյուր անդամին։





























