Հայ եւ եզդի ժողովուրդները միասնական են եւ շարունակական պայքար են մղելու բոլոր տեսակի ոճրագործությունների եւ ահաբեկչությունների դեմ: Այս մասին այսօր` ապրիլի 21-ին, Երեւանի Օղակաձեւ այսգում` եզդի ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Պատահական չէ, որ այսօր մենք միասնական ենք, կողք-կողքի ենք եւ նման ոճրագործությունների դեմ պայքարում ենք միասին: Այսօր եկել ենք խոնարհվելու եզդի անմեղ ժողովրդի զոհերի հիշատակի առջեւ եւ հավատացած եմ, որ միասնական ուժերով մեր ձայնը կբարձրացնենք ամբողջ աշխարհում` ընդդեմ ցեղասպանության եւ ոճրագործությունների, ահաբեկչությունների: Եվ պատահական չէ, որ այսօր հայ եւ եզդի զինվորներն ուս-ուսի տված պայքարում են մեր հարեւան թշնամու դեմ` պահպանելով մեր ազգի խաղաղությունը»,-ասաց նա:
Նշենք, որ «Իսլամական պետությունը» Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական ինքնավարության Շանգալ շրջանում ապրող եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականի օգոստոսի 3-ից ցեղասպանություն է իրականացնում:
2014թ. օգոստոսի 3-ը համարվում է Սինջարիի կոտորածների սկիզբը: Այդ օրվանից «Իսլամական պետությունը» սկսեց Իրաքի Քրդական ինքնավարության Սինջարի շրջանում և հարակից քաղաքներում եզդիների սպանդը, ինչի հետևանքով սպանվեց մի քանի հազար եզդի: Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն օդային հարվածներ հասցրեց ԻՊ դիրքերին, ինչը հանգեցրեց ԻՊ-ի դեմ մի քանի երկրների պատերազմի: Քրդերի և ամերիկյան ուժերի օգնությամբ մոտ 50 հազար եզդի կարողացավ տարհանվել և տեղափոխվել Սինջարի լեռներ:





























