Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների կարծիքի ոչ մի հարց չի կարող լուծվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ Ազգային Ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Վարդգես Բաղրյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, այսպես կոչված, «ռուսական ծրագրի» մասին ռուսական լրատվամիջոցների հրապարակումներին:

Նրա խոսքով, հայտնի չէ, թե դա ինչ փաստաթուղթ է, ինչ առաջարկություններ: «Ի՞նչ տարածքների կամ խաղաղարար ուժերի մասին է խոսքը: Չգիտեմ, թե ով կարող է մեզանից պահանջել տարածքներ զիջել: Եվ եթե անգամ պահանջեն, ինչո՞ւ պետք է զիջենք: Ինչի՞ փոխարեն: Ի՞նչ է նշանակում տարածքներ զիջել, խաղաղարար ուժեր տեղակայել, իսկ հետո մտածել հանրաքվեի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի մասին: Պարզապես աբսուրդ է: Ինձ համար դա միանշանակ անընդունելի է»,- ընդգծեց Վարդգես Բաղրյանը:

Պատգամավորի խոսքով, երբ բանակցությունների սեղանին որեւէ հստակ բան դրվի, այդ ժամանակ էլ կարող է կարծիք հայտնել: «Միանշանակ է, որ մեր դեմ ուղղված ցանկացած տարբերակ անընդունելի է մեզ համար: Եթե մենք պետք է տարածքներ հանձնենք, որտե՞ղ են երաշխիքները, որ վաղն այդ խաղաղարարները չեն հեռանա Լեռնային Ղարաբաղից, եւ Ադրբեջանը կրկին հարձակում չի ձեռնարկի: Արդեն 22 տարի՝ 1994 թվականի մայիսի 12-ից, ԼՂՀ Պաշտպանության բանակը լավագույն երաշխիքն ու խաղաղարար ուժն է»,- փաստեց Վարդգես Բաղրյանը:

Ռուսական որոշ լրատվամիջոցների դիվանագիտական աղբյուրների համաձայն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով «Ռուսաստանի ծրագրով» նախատեսվում է, որ Ադրբեջանին որոշ տարածքներ են փոխանցվում, հակամարտության գոտում խաղաղարարներ են տեղակայվում եւ օրինականացվում է Ղարաբաղը (այսինքն՝ ապահովվում են բաց սահմանները եւ տնտեսական կապերի վերականգնումը), այնուհետեւ, երբ կրքերը հանդարտվեն, տարածաշրջանի պատկանելության շուրջ հանրաքվե է անցկացվում: