Պաշտոնական Ստեփանակերտը որեւէ առաջարկություն չի ստացել, հետեւաբար չի կարող որեւէ որոշում կայացվել՝ առանց Ստեփանակերտի լիարժեք մասնակցության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Շարժում 88» կուսակցությունից ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ռուսական լրատվամիջոցներում շրջանառվող, այսպես կոչված, «Ռուսաստանի ծրագրին», նա ընդգծեց. «Տեղեկատվական այդ արտահոսքը պատերազմի շարունակություն է արդեն լրատվական դաշտում: Ամենակարեւորը հասարակության կարծիքն է: Ըստ էության՝ ղարաբաղցիներից գաղտնի «մադրիդյան սկզբունքների» առանձին բաղադրիչներ են քննարկվում, որոնք, առանձին անձանցից բացի, ոչ ոք ամբողջությամբ չի կարդացել»:
Էդուարդ Աղաբեկյանի խոսքով, Ղարաբաղին հարակից տարածքները սահմանադրորեն եւ պետականորեն ամրագրված են որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս: «Եվ մենք չենք պատրաստվում դրանք փոխել որեւէ այլ բանի հետ՝ անկախ այն հանգամանքից, թե այդ մասին ով կասի. Պուտինը, Հայաստանի նախագահը, Օբաման կամ այլ ոք»,- ընդգծեց Աղաբեկյանը:
Ըստ պատգամավորի, փոխզիջումները չեն լուծի իրական խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու խաղաղության հաստատումը:
«Դրա ապացույցը ղարաբաղյան զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ իրականացված վանդալիզմն է: Մենք գործ ունենք վանդալ-պետության հետ: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այդ պետության հետ փոխզիջում ձեռք բերել»,- եզրափակեց արցախցի պատգամավորը:





























