Սլովակիան ապագայում եւս շարունակելու է սկզբունքային մոտեցումը ցեղասպանությունների դատապարտման հարցում։ Այս մասին, ապրիլի 20-ին Չեխիայի եւ Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ հանդիպման ժամանակ նշել է լովակիայի խորհրդարանի՝ Ազգային խորհրդի նորընտիր նախագահ Անդրեյ Դանկոն:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ դեսպանն այցելել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա, որտեղ հանդիպումներ ունեցավ Ազգային խորհրդում, Արտաքին եւ Եվրոպական գործերի, էկոնոմիկայի նախարարություններում։
Հայաստանի դեսպանը երկրորդ, իսկ ոչ-ռեզիդենտ դեսպաններից առաջինն էր, որ արժանացավ Սլովակիայի խորհրդարանի՝ Ազգային խորհրդի նորընտիր նախագահ Անդրեյ Դանկոյի ընդունելությանը։ Նշենք, որ Դանկոն, որպես արտախորհրդարանական կուսակցության ղեկավար, 2015 թվականին այցելել էր Հայաստան եւ մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել Դանկոյին 2004 թվականին երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու, իսկ 2009 եւ 2011թթ. Սլովակիայի Քրեական օրենսգիրքը ցեղասպանությունների մերժումը քրեականացնող հոդվածներով համալրելու համար։
Սլովակ խորհրդարանականը հավաստիացրեց, որ ապագայում եւս իր երկիրը շարունակելու է սկզբունքային մոտեցումը ցեղասպանությունների դատապարտման հարցում։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ։ Երկուստեք նշվել է, որ նոր լիցք պետք է հաղորդել երկկողմ քաղաքական, առեւտրա-տնտեսական եւ միջխորհրդարանական կապերին։ Սլովակիայի խորհրդարանի նախագահը շեշտել է, որ պետք է լիարժեքորեն օգտագործել երկու ժողովուրդների ներուժն՝ ավելի ակտիվացնելու Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ համագործակցությունը՝ հիմնված երկու ժողովուրդներին միավորող պատմական, կրոնական ու մշակութային արժեքների լայն շրջանակի վրա։
Հայաստանի դեսպանը ներկայացրել է հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների, խաղաղ բնակչության եւ հայ զինվորականների դեմ կատարած վայրագությունների վերաբերյալ տեղեկություններ։ Քննարկվել է Մերձավոր եւ Միջին Արեւելքում պատերազմական գործողությունների հետեւանքով Հայաստանում ապաստանած փախստականների խնդիրը, Եվրոպայի՝ փախստականների եւ միգրանտների ճգնաժամը։
Դանկոն ներկայացրել է Եվրոպական Միությունում Սլովակիայի նախագահության նախապատրաստական աշխատանքները։
Դեսպան Սեյրանյանը հանդիպում է ունեցել նաեւ Սլովակիայի խորհրդարանի Եվրոպական հարցերի կոմիտեի նախագահ Լուբոշ Բլահայի, պատգամավորներ Օլգա Նախտմաննովայի եւ Պավոլ Գոգայի հետ, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ընդգծվել է միջխորհրդարանական կապերին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը։
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են առեւտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման եւ միջկառավարական համատեղ հանձնաժողով ձեւավորելու հարցեր։
Նույն օրը Հայաստանի դեսպանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Բրատիսլավայի հայկական խաչքարի մոտ։




























