Նոր Ընտրական օրենսգրքով ընտրությունների ժամանակ միայն էլեկտրոնային գրանցում կլինի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Հայաստանի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում, ԸՕ-ի շուրջ քնանրկումների ժամանակ հայտարարել է օրենսգրքի համահեղինակ, Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը:

«Քաղաքացին փաստաթուղթը տեղադրում է սարքում, որից հետո սկսում է որոնել այդ անձին իր ցուցակում, եթե հայտնաբերեց, ապա սարքը կատարում է երկրորդ գործողությունը` արդյոք այդ անձը մինչ այդ պահը մտել է ընտրական տեղամաս այլ փաստաթղթով կամ նույնով: Եթե առաջին հարցի պատասխանը «այո» է, որ անձը առկա է ցուցակում, իսկ երկրորդ հարցի պատասխանը «ոչ» է, սարքը պահանջում է , որ նա թողնի իր մատնահետքը, այն հիշվում է նույն ցուցակում, որից հետո սարքը տպում է քվեարկության կտրոն»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:

Ըստ նրա` կտրոնը պետք է պարունակի ոչ միայն ընտրողի անուն ազգանուն հայրանունը, այլ նաեւ նրա հերթական համարը ցուցակում: «Հերթական համարը, թե տվյալ տեղամասում որերորդ ընտրողն է, որ մասնակցել է քվեարկության: Եթե թվային շտեմարանում առկա է իր լուսանկարը, պետք է տպվի այդ կտրոնի վրա: Այդ ամբողջ տեղեկատվությունը տպվում է ու այն համարվում է հատուկ հաշվառման փաստաթուղթ»,-ընդգծեց Հարությունյանը:

Նրա խոսքով, կտրոնի հիման վրա զուգահեռաբար նշումներ են կատարվելու թղթային մատյանում, որպեսզի սարքի խափանման դեպքում նույն ընտրողները երկրորդ անգամ տեղամաս մտնելու ու քվեարկելու հնարավորություն չունենան: