Հայաստանի ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջարկում է Ընտրական օրենսգրքի նախագծում հրաժարվել տարածքային ցուցակներից, որը կստեղծի անհավասար պայմաններ կուսակցությունների միջեւ:
«Այսինքն իշխանական կուսակցությունը կօգտագործի վարչական ռեսուրսները` ռեյտինգային ցուցակում ընդգրկելով, օրկնակ, բուհերի ռեկտորների եւ կստանա մեծ թվով քվեներ»,- այսօր՝ ապրիլի 22-ին, Հայաստանի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում, ԸՕ-ի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է Մարուքյանն ու հավելել. «Խնդիրը հիմա ավելի շատ ընտրատեղամասերից դուրս է, ինչն ապացուցեցին նաեւ Հրազդանի ընտրությունները: Հրաժարվե´ք տարածքային ցուցակներից, միայն այդ դրույթը բավարար է, որ անհավասար մրցակցային պայմաններ լինեն, եւ իշխող ուժը հաղթի»:
Ընտրական օրենսգրքի համահեղինակ, Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը մերժեց այդ առաջարկը` նշելով, որ տարածքային ցուցակներից հրաժարվելը վտանգավոր է Հայաստանի համար: «Այն վտանգավոր է մի երկրի համար, որը խնդիր ունի տեղերում զարգացնել քաղաքական մշակույթը: Փակ ցուցակը, այսինքն, որ լինի միայն կուսակցությունը, նշանակում է քաղաքականությունը բերել միայն Երեւան, ինչը համարում ենք վտանգավոր քայլ եւ մերժում ենք ձեր առաջարկը»,-ասաց Հարությունյանը:
Նշենք, որ տարածքային ցուցակներում բացի կուսակցության անվանումներից կան նաեւ կոնկրետ անվանումներից բաղկացած ցուցակներ, որը հնարավորություն է տալիս ընտրողին ընտրել նաեւ կուսակցության կոնկրետ թեկնածուներին:
Նշենք, որ այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվում է Ընտրական օրենսգրքի վերջին շտկումները, որպեսզի այն ընդգրկվի հաջորդ շաբաթ մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգ:



























