ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդուն:
ՀՀ Քննչական կոմիտըեից NEWS.am-ին հատնում են, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի ապրիլի 18-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան 52 հասցեում գործող դեղատան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2016 թվականի ապրիլի 18-ին դիմակավորված անձը մտել է դեղատան սրահ, դանակով կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով դեղատան աշխատակցից գումար է պահանջել, ապա դրամարկղից հափշտակել առկա գումարը եւ դիմել փախուստի:
Քրեական գործով իրականացված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հաշվառված է Ալավերդի քաղաքում, 38 տարեկան է:
Վերջինս հարցաքննվել է եւ ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ, նրա մասնակցությամբ զննվել է դեղատանը գործող տեսախցիկների տվյալ օրվա տեսագրությունը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ավազակություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




























