Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված «սառեցված» հակամարտությունը պիտի լուծվի. Գերմանիան չի կարող լուծել այն, այն չի կարող դրսից լուծվել: Այդ մասին ապրիլի   22-ին հայտնել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի անդամ, Հարավային Կովկասի երկրների հետ բարեկամության խմբի անդամ Քրիստոֆ Բերգները:  

Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը շատ կարեւոր դեր է խաղում այդ տեսանկյունից:  «Եվ այս տարի Գերմանիան, որպես նախագահող երկիր, հատուկ պատասխանատվություն է կրում: Մենք այդ հնարավորությունները կօգտագործենք հակամարտության հանգուցալուծման նպատակով: Կարծում եմ, որ ներկայիս ստատուս քվոն վտանգավոր է ոչ միայն Հայաստանի համար, այլեւ խոչընդոտ է ամբողջ տարածաշրջանի համար:  Հետեւաբար մենք հույս ունենք, որ կգտնվի այնպիսի լուծում, որը հարգում է Ղարաբաղի հայերի անկախությունը եւ ինքնավարությունը, բայց նաեւ երկրների տարածքային ամբողջականությունը», - նշել է Բերգները:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, թե վերջին լարման հետեւանքով ադրբեջանական զինված ուժերը կտտանքի են ենթարկել եւ սպանել խաղաղ բնակիչների, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է, գերմանացի խորհրդարանականն ասել է.  «Այս տեսանկյունից ամենախնդրահարույցն այն է, որ մենք շփման գծում անհրաժեշտ մոնիտորինգային համակարգ չունենք: Եվ որպես ԵԱՀԿ-ի անդամ երկիր, մեր պահանջներից մեկն առնվազն ավելի ինտենսիվ մոնիտորինգային համակարգի ստեղծումն է, որպեսզի բացահայտորեն քննարկվեն նման իրավիճակները: Ոչ միայն այստեղ, այլեւ` Եվրոպայում: Ինչպես նաեւ գնահատել դիմակայության վերաբերյալ լուծում գտնելու հնարավորությունը` խուսափելու հետագա լարումից»: