ՀՀ մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը հրատարակել է «Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագիրն ամփոփող համանուն պատկերագիրքը: Պատրաստվել է նաեւ 2015թ. հունիսին Արեւմտյան Հայաստան կատարված ուխտագնացության մասին պատմող «Մենք կգանք» տեսաֆիլմը, որտեղ առաջին անգամ կհնչի հայի եւ Վանա լճի հանդիպումը ներկայացնող համանուն երգը` սփյուռքահայ երաժիշտներ Սիպիլի եւ The Beautified project խմբի կատարմամբ։
Պատկերագիրքը ներառում է Հայոց ցեղասպանության տարիներին գրված անպատասխան տասը նամակ, 100 տարի անց հայ եւ օտարազգի անվանի գործիչների՝ դրանց ուղղված պատասխան–արձագանքներ՝ նամակներ եւ կերպարվեստի գործեր, բացառիկ նյութեր եւ արխիվային լուսանկարներ։ Պատկերագրքի երկրորդ բաժնում ներկայացված են Հայոց ցեղասպանության վավերագրերի թեմաներով «Անցյալը՝ ներկայում» կերպարվեստի աշխատանքների մրցույթի լավագույն քսան վավերաքանդակներն ու վավերանկարները։
«Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքի գաղափարի եւ «Մենք կգանք» ստեղծագործության հեղինակը համալիր ծրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանն է: Պատկերագրքում ընդգրկվել են մեկ տասնյակից ավելի հեղինակների աշխատանքներ` թեմատիկ հոդվածներ եւ մտորումներ:
«Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքի եւ «Մենք կգանք» տեսաֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում։ Շնորհանդեսի պատվավոր հյուրերի շարքում էին Տիգրան Մանսուրյանը, Սերժ Ավետիքյանը, Հասմիկ Պապյանը, Վերժինե Սվազլյանը եւ ուրիշներ:
Առանձին ելույթներից բացի, շնորհանդեսի ժամանակ անվանի ռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Սերժ Ավետիքյանը կարդացել է Հայոց ցեղասպանության նահատակ հայ մտավորական գործիչ Գարեգին Խաժակի վերջին ճառը, որով նա հրաժեշտ է տվել իր բանտակից ընկերներին` անխուսափելի մահապատժից առաջ: Այնուհետեւ տեղի է ունեցել պատվոգրերի եւ շնորհակալագրերի հանձնման արարողություն, որից հետո ցուցադրվել է «Մենք կգանք» տեսաֆիլմը: Նույն օրը ցուցադրվել է «Անցյալը` ներկայում» կերպարվեսի մրցույթի մասնակիցների` Արեւմտյան Հայաստանը ներկայացնող էսքիզների հավաքածուն, որը նույնպես ներառված է «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքում:
«Մարդկության դեմ իրագործված վայրագության՝ Հայոց ցեղասպանության մասին աղաղակող յուրաքանչյուր վկայություն քաղաքակիրթ աշխարհին ներկայացվող ուղերձ է. լինի դա նամակ, լուսանկար, հոդված, թե՝ գիրք: Այսօրինակ ծրագրերով մենք ոչ միայն մեր՝ սերունդների պարտքն ենք կատարում անմեղ նահատակների առջեւ, այլեւ ձգտում ենք կանխել հրեշավոր դեպքերի կրկնությունը՝ որեւէ ազգի նկատմամբ: Համոզված եմ, որ քաղաքական շահերի թակարդում հայտնված որոշ երկրներ տարիներ անց ստիպված կլինեն «նահանջել» այդ փաստերի ծանրության տակ եւ խախտել հարյուրամյա լռությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես:




























